Ֆրանսիացի դերասան Արնո Դենին 43 տարեկանում էվթանազիայի է ենթարկվել Բելգիայում․ բժշկական սկանդալի մանրամասները
Կարդացեք նաև
համար
Ֆրանսիացի ճանաչված դերասան և ռեժիսոր, «Մոլիեր» հեղինակավոր թատերական մրցանակի եռակի անվանակարգորդ Արնո Դենին (Arnaud Denis) 43 տարեկան հասակում Բելգիայի Նամյուր քաղաքում ենթարկվել է էվթանազիայի։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Ֆիլիպ Կուրտուան։
Դերասանի մղձավանջը սկսվել էր 2023 թվականի հուլիսին, երբ աջ աճուկային ճողվածքի վիրահատությունից հետո նրա մարմնում տեղադրվել էր պոլիպրոպիլենային պրոթեզ (իմպլանտ)։ Վիրահատությունից հետո Դենիի մոտ ի հայտ էին եկել ծանրակշիռ կողմնակի բարդություններ․ իմունային համակարգի խաթարման հետևանքով նրա մոտ ախտորոշվել էր ASIA համախտանիշ (աճուկային պրոթեզից առաջացած բորբոքային ռեակցիա) և միալգիկ էնցեֆալոմիելիտ։ 2024 թվականի ապրիլին նա մեկնել էր ԱՄՆ՝ իմպլանտը հեռացնելու նպատակով, սակայն վիրահատությունը միայն վատթարացրել էր վիճակը։
«Ես այլևս չեմ կարողանում տնից դուրս գալ, չունեմ սոցիալական կյանք, առհասարակ կյանք չունեմ։ Ինձ մոտ չի մնացել ոչինչ, ինչը կազմում է մարդկային կյանքի արժանապատվությունը։ Ամեն ինչ գնալով վատանում է․ ես ապրում եմ որպես տերմինալ փուլում գտնվող քաղցկեղով հիվանդ»,- 2026 թվականի սկզբին Dauphiné Libéré պարբերականին տված հարցազրույցում պատմել էր արտիստը։
2026 թվականի հունվարին Արնո Դենին հայց էր ներկայացրել Փարիզի դատախազություն՝ «անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու» փաստով, սակայն օգոստոսի վերջին գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Հասկանալով, որ բժշկությունը չի կարող թեթևացնել իր անանցանելի ցավերը, դերասանը դիմել էր Բելգիայի համապատասխան կլինիկա, որտեղ երեք բժիշկների հանձնաժողովը հաստատել էր էվթանազիայի նրա դիմումը։
Դերասանի փաստաբանը տեղի ունեցածն անվանել է «լռության մատնված առողջապահական սկանդալ»՝ ընդգծելով, որ հազարավոր պացիենտներ ենթարկվում են բարձր ռիսկային իմպլանտների ազդեցությանը՝ առանց պատշաճ իրազեկման։ Արնո Դենին մինչ կյանքի վերջին օրերը պայքարում էր հանուն արդարության և սոցիալական ցանցերում հիմնել էր «Ճողվածքային պրոթեզների ֆրանսիացի զոհեր» միավորումը, որտեղ հարյուրավոր մարդիկ կիսվում են նմանատիպ իմպլանտներից ստացած ծանր վնասվածքների պատմություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում