Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում. Հայաստանի կարգավիճակը և անդամավճարների հարցը

Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում. Հայաստանի կարգավիճակը և անդամավճարների հարցը

Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ բացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, միջոցառման առանցքային և առավել ուշագրավ թեմաներից է լինելու Հայաստանի դիրքորոշումն ու կազմակերպությունում նրա հետագա կարգավիճակը։ Քանի որ Երևանն արդեն ավելի քան երկու տարի չի վճարում սահմանված անդամավճարները, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հաստատել էր այս հավանականությունը, իսկ նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հարցը կարող է լուծվել մինչև պարտավորությունների կատարումը։ Միևնույն ժամանակ, Մոսկվայից վստահեցնում են, որ ՀԱՊԿ-ի դռները Երևանի առաջ փակված չեն, կազմակերպությունից հեռացնելու մտադրություն չկա, իսկ պաշտոնական դուրս գալու հայտ Հայաստանը դեռևս չի ներկայացրել։

Բացի հայաստանյան ուղղությունից, գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն Ռուսաստանի նախագահության արդյունքները, կնախանշեն կառույցի զարգացման առաջնահերթությունները և կքննարկեն միջազգային անվտանգության հարցեր։ Նախատեսվում է ընդունել մինչև 2030 թվականը նախատեսված հակաահաբեկչական ռազմավարություն, ինչպես նաև որոշումներ կայացնել ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի և ավիացիոն ուժերի զարգացման վերաբերյալ։

Նիստի ավարտին նախատեսվում է նաև կազմակերպության նախագահությունը 2027 թվականից Տաջիկստանին փոխանցելու հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում