Մարիամ Աբրահամյան․ Իշխանության ներկայացուցիչները բոյկոտել են տեղահանվածների խնդիրներին նվիրված քննարկումը

Մարիամ Աբրահամյան․ Իշխանության ներկայացուցիչները բոյկոտել են տեղահանվածների խնդիրներին նվիրված քննարկումը

Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումները, որոնք նվիրված էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-քաղաքական խնդիրներին, ուղեկցվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և նախարարությունների ներկայացուցիչների դեմարշով։

Լսումներին ներկա իշխանական պաշտոնյաները լքել են դահլիճը այն բանից հետո, երբ ելույթ ունեցողներին ներկայացրել են իրենց պաշտոններով՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, պետնախարար, ԱԺ փոխնախագահ և այլն։ Իշխանության ներկայացուցիչները իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ չեն ընդունում նման ձևակերպումները, քանի որ ճանաչում են «միայն մեկ պետություն» և չեն կարող մնալ դահլիճում։

Անդրադառնալով միջադեպին՝ Մարիամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում սուր քննադատության է ենթարկել իշխանավորների պահվածքը․

«Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություններից մեկը լսումներ էր կազմակերպել բռնի տեղահանվածների սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ, որին ներկա էին նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ և տարբեր նախարարությունների լիազոր ներկայացուցիչներ։

Սակայն միայն նրա համար, որ ելույթ ունեցողներին ներկայացրին իրենց պաշտոններով՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ, պետնախարար, ԱԺ փոխնախագահ և այլն, իշխանության ներկայացուցիչները, որոնք ըստ էության պետք է լսեին արցախահայության խնդիրներն ու հետևություններ անեին, ուղղակի լքեցին դահլիճը։

Թե բա՝ մենք չենք ընդունում նման ձևով ներկայացնելը, մենք միայն մեկ պետություն ենք ճանաչում և չենք կարող մնալ այստեղ:

Հա, դե իհարկե, դուք սովոր եք լսել միայն ձեր ձեռքը սեղմողներին ու ձեզ գոհունակություն հայտնողներին։

Ապրե՛ք, դե հիմա պարգևավճար կստանաք»,- գրել է Մարիամ Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում