Բաքվում խախտվում են հայ գերիների իրավունքները․ Human Rights Watch-ը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի ահազանգը

Բաքվում խախտվում են հայ գերիների իրավունքները․ Human Rights Watch-ը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի ահազանգը

Ադրբեջանը պետք է Միջազգային կոմիտեի Կարմիր խաչին (ՄԿԽԿ) կանոնավոր հասանելիություն ապահովի հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց մոտ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան՝ մեկնաբանելով Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումների մասին ահազանգերը։

Գոգիան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ևս 18 հայ բանտարկյալներ հայտնում են ընտանիքների հետ կանոնավոր կապի բացակայության, պատշաճ բժշկական օգնության պակասի և զբոսանքների սահմանափակման մասին։ Սեպտեմբերի 18-ին հրապարակված ձայնային ուղերձում Վարդանյանը հայտնել էր, որ «Ումբակի» բանտում որոշ բանտարկյալներ չեն ստանում շաբաթական հեռախոսազանգերի հնարավորություն, իսկ տեսակապն ընդհանրապես անհասանելի է։ Նա նաև նշել էր, որ նույնիսկ սեփական միջոցներով չի կարողացել անցնել բժշկական հետազոտություններ և ստանալ գրավոր դիմումների պատասխանները, իսկ օրական նախատեսված 1 ժամվա փոխարեն զբոսանքի համար հատկացվում է ընդամենը 20-40 րոպե՝ շաբաթական մեկ անգամ։

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ հայ բանտարկյալների կապն ընտանիքների հետ էլ ավելի է բարդացել այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները փակեցին երկրում ՄԿԽԿ ներկայացուցչությունը։ Եթե նախկինում Կարմիր խաչի ներկայացուցիչները առանձնազրույցներ էին ունենում պահվող անձանց հետ և գնահատում պահման պայմանները, այժմ նման այցելությունները դարձել են խիստ հազվադեպ։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվում է 19 հայ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Օգոստոսի 21-ին ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը 15 պահվող անձանց գործով խմբակային գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ արձանագրելով արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում