«Մարտի 1»-ի գործով դատավորը մերժել է Յուրի Խաչատուրովի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Կարդացեք նաև
«Մարտի 1»-ի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Խաչատուրովի փաստաբանները հղում էին արել ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի համաձայնագրով նախատեսված՝ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիությանը։ Սակայն դատարանն ընդգծել է, որ համաձայնագրի 11-րդ հոդվածը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին համատարած անձնական անձեռնմխելիություն չի տրամադրում կազմակերպության անդամ բոլոր պետությունների տարածքում։ Դատարանի գնահատմամբ՝ եթե Հայաստանը համարվեր ՀԱՊԿ քարտուղարության տեղակայման պետություն, ապա Խաչատուրովը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, չէր օգտվի այդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից, իսկ եթե Հայաստանը տեղակայման պետություն չէ, ապա համապատասխան նորմը ՀՀ տարածքում նրա նկատմամբ պարզապես կիրառելի չէ։
Միևնույն ժամանակ, նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդել է Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելք։
Պաշտպանական կողմը դեմ է արտահայտվել այս պահանջին։ Սեյրան Օհանյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր որևէ դատավարական խախտում թույլ չի տվել, իսկ իր նկատմամբ քննվող այլ քրեական գործերով արդեն իսկ գործում է երկու խափանման միջոց, այդ թվում՝ երկրից բացակայելու արգելքը։
Դատավորը մերժել է դատախազի միջնորդությունը՝ արձանագրելով, որ Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամբաստանյալները պատշաճ կերպով կատարել են իրենց վրա դրված դատավարական պարտականությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում