Իրանը ցանկանում է ավելացնել Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ծավալները
Կարդացեք նաև
Իրանը շահագրգռված է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ծավալների ավելացմամբ, հատկապես առաջիկա ցուրտ եղանակային ժամանակահատվածին ընդառաջ։ Իրանի էներգետիկայի նախարարության փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է սեպտեմբերի 28-ին Թեհրանում՝ Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման TAVANIR ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ալլահդադի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովի հանդիպման ընթացքում։
Ալլահդադը նշել է, որ Թեհրանն ու Բաքուն էներգետիկ ոլորտում ձևավորել են արդյունավետ փոխգործակցություն՝ պատմական, մշակութային և տեխնիկական կապերին զուգահեռ։ Կողմերի ուշադրության կենտրոնում են Ադրբեջանից ուղղակիորեն ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը, համատեղ հիդրոէլեկտրակայանների զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային գործարքների իրականացումը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ առկա ենթակառուցվածքներն ու ընթացող քննարկումները հնարավորություն են տալիս ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումները առաջիկա ամիսներին, իսկ երկու երկրների մասնագետները կուսումնասիրեն ցանցերի միացումներն ու տեխնիկական պահանջները՝ հնարավոր ներկրման հստակ ծավալները որոշելու համար։ Նա հավելել է, որ էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունն արդեն իսկ գործում է սահմանամերձ մի շարք հատվածներում, այդ թվում՝ Նախիջևանի հետ սահմանին, և էներգետիկ կապերի ամրապնդումը կարող է նպաստել առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում