Քաղհասարակությունը պահանջում է ազատ արձակել Արթուր Դանիելյանին․ 11 ՀԿ-ների կոշտ հայտարարությունը
Կարդացեք նաև
Հայաստանյան տասնմեկ իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ խոր մտահոգություն են հայտնել Արթուր Դանիելյանի նկատմամբ համացանցային գրառումների համար հարուցված քրեական հետապնդման և նրան երկու ամսով կալանավորելու որոշման առնչությամբ։ Իրավապաշտպան դաշտի ներկայացուցիչները տեղի ունեցածը համարում են անհամաչափ, անօրինական և քաղաքականապես մոտիվացված քայլ, որն ուղղված է արտահայտման ազատության իրավունքի սահմանափակմանն ու այլակարծության լռեցմանը։ Համատեղ հայտարարության տակ ստորագրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Արդարության նոր մշակույթ», «Լրագրողները հանուն մարդու իրավունքների», «Հելսինկյան ասոցիացիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն», «Ցիտադել», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը»։
Փաստաթղթի հեղինակների ընդգծմամբ՝ համացանցային, նույնիսկ սուր կամ վիրավորական խոսք պարունակող գրառումների համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքներին։ Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատությունը պաշտպանում է նաև այն գաղափարները, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետությանը կամ բնակչության որևէ հատվածի։ Քաղհասարակության ներկայացուցիչները Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջում են անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը, դադարեցնել խոսքի ազատության իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը, ինչպես նաև բացառել քրեական համակարգի գործիքայնացումը քաղաքական ընդդիմախոսներին ու քննադատներին լռեցնելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում