Մահափորձի սպառնալիք Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ

Մահափորձի սպառնալիք Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ

Լեհաստանի իրավապահ մարմինները տեղեկատվություն են ստացել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի նախապատրաստման մասին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկան։

Ստացված ահազանգից անմիջապես հետո ՆԳ նախարար Մարցին Կերվինսկին և հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը կարգադրել են անհապաղ համապատասխան անվտանգային միջոցառումներ ձեռնարկել։ Իրավիճակի քննարկման և հետագա քայլերը համակարգելու նպատակով Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության (ABW) Հակաահաբեկչական կենտրոնում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն։

Այս իրադարձությունները տեղի են ունենում երկրում անվտանգության խստացված ռեժիմի ֆոնին, որը պայմանավորված է վերջին շրջանում դպրոցներում արձանագրված բռնության դեպքերով։ Մասնավորապես, օրերս հայտնի էր դարձել հերթական ողբերգական պատահարի մասին, որի հետևանքով զոհվել էր դպրոցի աշխատակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում