«Հրահանգում եմ վախենալ, ժողովուրդ ջան»․ Արթուր Դանիելյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իրեն կալանավորելու դատարանի որոշմանն ու քննիչի ներկայացրած միջնորդությանը։  

Դանիելյանը, մասնավորապես, գրել է․

«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ’ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումն, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելը: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:

«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՛ք:

Վախեցեք, որ էս վ․․․ների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ․․․

Ամփոփենք․ տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝

1. Չվախենալ վ․․․ներից

2. Վախենալ ճորտ լինելուց

Հարգանքներով’ ձեր խոնարհ «հրահանգիչ»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում