Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ջանքերի համար։ Նորին Սրբությունն ընդգծել է միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման և կրոնի ու խղճի ազատության պաշտպանության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսին «Save Armenia»-ի մասնակցությանը։ Նա նշել է, որ «Մշո ճառընտիրի» փրկության պատմությունը վկայում է ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու հայ ժողովրդի աննկուն կամքի մասին։ Իր հերթին, դոկտոր Փոլ Մյուրեյը ներկայացրել է կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու հավաստիացրել, որ շարունակելու են զորակցել հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում