«Ֆրանսիան այլևս ֆինանսական միջոցներ չունի»․ Մարին Լը Պենը պատրաստ է մեկնել Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպելու

«Ֆրանսիան այլևս ֆինանսական միջոցներ չունի»․ Մարին Լը Պենը պատրաստ է մեկնել Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպելու

Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրարշավի կենտրոնական թեմաներից է դարձել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական և ֆինանսական աջակցության հարցը։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է Ելիսեյան պալատում հայտնվելու դեպքում Կիևին օգնության տրամադրումը դադարեցնելու մտադրության մասին և պատրաստակամություն հայտնել այդ հարցն անձամբ քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

CNews-ի եթերում Լը Պենը նշել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա․ «Եթե պարոն Զելենսկին ցանկանում է, որ մենք խոսենք, եu սիրով կգամ Ուկրաինա։ Բայց ես ուզում եմ նրան ասել, որ մենք այլևս չունենք ֆինանսական հնարավորություններ աջակցություն ցուցաբերելու համար»։ Ավելի վաղ VRT News-ին տված հարցազրույցում նա քննադատել էր Փարիզի կողմից Ուկրաինային հատկացվող տարեկան շուրջ 6 միլիարդ եվրոյի հասնող աջակցությունը՝ ընդգծելով, որ ընտրվելուց վեց ամիս անց ֆինանսավորումն ամբողջությամբ կդադարեցվի։ «Ազգային միավորման» ներկայացրած այլընտրանքային բյուջեն նախատեսում է մինչև 2032 թվականը տնտեսել 140 միլիարդ եվրո և կրճատել պետական պարտքը։

Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Լը Պենի հայտարարություններին, նկատել է, որ վերջինս լավ ծանոթ չէ ֆրանս-ուկրաինական ռազմական համագործակցության մանրամասներին։ Financial Times-ին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ այդ փոխգործակցությունը փոխշահավետ է, քանի որ ուկրաինական բանակի մարտական փորձը թույլ է տալիս Ֆրանսիային իրական պայմաններում փորձարկել ու կատարելագործել իր ռազմական տեխնիկան, օրինակ՝ SAMP/T ՀՕՊ համակարգերն ու Scalp/Storm Shadow հրթիռները։

Լը Պենի դիրքորոշումը խիստ քննադատության է արժանացել ֆրանսիացի քաղաքական գործիչների կողմից։ Նախագահ Էմանուել Մաքրոնը Բրյուսելում Զելենսկու հետ հանդիպումից հետո վերահաստատել է Փարիզի անշեղ աջակցությունը Կիևին։ ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ աջակցության դադարեցումը պատերազմը Ֆրանսիայի սահմաններին մոտեցնելու ամենակարճ ճանապարհն է։ Renaissance-ի թեկնածու Գաբրիել Ատալը Լը Պենին մեղադրել է ուկրաինացիներին անպաշտպան թողնելու ցանկության մեջ, իսկ Horizons-ի թեկնածու Էդուար Ֆիլիպն այդ հայտարարություններն անվանել է «դավաճանություն»։ Ըստ Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիան Ուկրաինային հատկացրել է ընդհանուր առմամբ 27 միլիարդ եվրոյի աջակցություն, մինչդեռ Եվրոպայում խոշորագույն դոնորը շարունակում է մնալ Գերմանիան՝ ավելի քան 50 միլիարդ եվրոյով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում