Իսրայելցի վերաբնակիչների հարձակումը եվրոպացի դիվանագետների վրա․ ծեծի է ենթարկվել Ֆրանսիայի 78-ամյա քաղաքապետը
Կարդացեք նաև
Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են եվրոպացի դիվանագետների շարասյան վրա, որոնք այցելությամբ գտնվում էին Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում, և ծեծի են ենթարկվել ֆրանսիական քաղաքի 78-ամյա քաղաքապետին։ Հոկտեմբերի 17-ին այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին և դիվանագետներին։ Դիմակավորված վերաբնակիչները գրոհել են Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի ներկայացուցիչների ավտոմեքենաները օկուպացված Արևմտյան ափի առավելապես քրիստոնեաբնակ պաղեստինյան գյուղում, ուր պատվիրակությունները ժամանել էին տեղի բնակիչների վրա հարձակումները կանխելու նպատակով։
AFP-ի փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օլնուա-Էմերի քաղաքի 78-ամյա քաղաքապետ Բերնար Բոդուն։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել։ Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն X սոցիալական ցանցում հայտնել է, որ հարձակման ընթացքում տուժել է ֆրանսիացի դիվանագետը, ինչպես նաև վնասվել է բելգիական պատվիրակության ավտոմեքենան։ Իսրայելի իշխանությունները դատապարտել են միջադեպը, իսկ ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը տեղի ունեցածն անվանել է «բռնության լուրջ ակտ»։
Եվրոպացի դիվանագետների վրա հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի նախընտրական քարոզարշավի վերջին օրերին, որի ընթացքում գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է Արևմտյան ափի վերաբնակիչների աջակցությունը։ Նախօրեին վերաբնակիչները հարձակվել էին նաև պաղեստինցիների վրա ձիթապտղի բերքահավաքի ժամանակ և ծեծի ենթարկել The Washington Post-ի լրագրող Հայդի Լևինին՝ խլելով նրա տեսախցիկներն ու հեռախոսը։ Լրագրողի մոտ ախտորոշվել են կողի և ողերի կոտրվածքներ ու բազմաթիվ վնասվածքներ․ նրան անհրաժեշտ է ձեռքի վիրահատություն։ Մեկնաբանելով լրագրողի վրա հարձակումը՝ Նեթանյահուն հայտարարել էր, թե «արաբներն ու ծայրահեղ ձախ ակտիվիստները բախման մեջ են մտել շուրջ 40 երիտասարդ իսրայելցիների հետ»։
Ամսվա սկզբին իսրայելցի վերաբնակիչները հրացանների կոթերով ծեծի էին ենթարկել նաև AFP-ի լուսանկարիչ Ջաֆար Աշտիեին և խլել նրա տեխնիկան։ Ստեղծված իրավիճակի ֆոնին՝ 2026 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափի ապօրինի իսրայելական բնակավայրերում արտադրված ապրանքների նկատմամբ։ Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան նույնպես հայտարարել են, որ դիտարկում են նմանատիպ սահմանափակող միջոցառումների կիրառումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում