«Բռնությունն անընդունելի է»․ Էմանուել Մաքրոնը խստորեն դատապարտել է Ֆրանսիայում բռնկված անկարգություններն ու վանդալիզմը
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը խստորեն դատապարտել է գների բարձրացման դեմ իրականացվող զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում բռնկված անկարգություններն ու պոգրոմները։ Երկրի ղեկավարը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել պետական հիմնարկների վրա հարձակումների և ավերածությունների մեջ։
X սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ Ֆրանսիայի նախագահը մասնավորապես նշել է․
«Մեր հանրապետությունում բռնության տեղ չկա։ Նրանք, որոնք մասնակցել են ջարդերին, հարձակվել են պրեֆեկտուրաների և խանութների վրա, զբաղվել են կողոպուտով, այդ թվում՝ քաղաքապետարանների շենքերում, պատասխանատվության են ենթարկվելու և պատիժ են կրելու»։
Մաքրոնն ընդգծել է, որ ռադիկալ տրամադրված մասնակիցների գործողությունները խանգարում են խաղաղ ցուցարարներին արտահայտել իրենց պահանջները։ Նա նաև աջակցություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ նրանց անվանելով քաղաքացիների ցույցեր անցկացնելու իրավունքի երաշխավոր։
Իր հերթին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ողջ երկրում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է առնվազն 400 մարդ։ Նախարարի խոսքով՝ սա միայն նախնական տվյալն է, ձերբակալվածների մեծ մասը չափահասներ են, և իրավապահները շարունակելու են պարզել ու փնտրել դեպքի վայրից փախուստի դիմած մյուս մասնակիցներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում