«Բախումներ Տիրանայում․ Ալբանիայում ցուցարարները պահանջում են Էդի Ռամայի հրաժարականը»

«Բախումներ Տիրանայում․ Ալբանիայում ցուցարարները պահանջում են Էդի Ռամայի հրաժարականը»


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաներն ու բախումները ոստիկանության հետ։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, ով, սակայն, հրաժարվում է հեռանալ պաշտոնից։

Հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիաները շարունակվել են վեցերորդ օրն անընդմեջ, ինչն ուղեկցվել է ցուցարարների և իրավապահների միջև նոր բախումներով։ Հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ և դպրոցականներ, փողոց են դուրս եկել՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը, մինչդեռ իշխանությունները նախազգուշացնում են բռնությունների բացասական հետևանքների մասին երկրի եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ բողոքի ակցիաների հետ կապված հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 388 անձի։ Կրթության նախարարության շենքի մոտ ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, ինչի հետևանքով կան վիրավորներ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շրջանում։

Զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են Տիրանայի կենտրոնից, տարածվել են նաև Էլբասանի և Շկոդերի համալսարանական կենտրոններում։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հրդեհել Կրթության նախարարության շենքը, երկու բանկեր և վնասել գույքը։ Բողոքի ալիքն սկզբնապես բարձրացել էր համալսարանական վատ պայմանների, ուսման բարձր վարձերի և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ալբանական ափամերձ գոտում շքեղ զբոսաշրջային համալիրի կառուցման նախագծի պատճառով, որն աջակցում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Կուշները։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման․

«Գործը նրանում չէ, որ մարտահրավեր է նետվել ինձ, կառավարությանը կամ ընտրություններում հաղթած կուսակցությանը, այլ նրանում, որ մարտահրավեր է նետվել մեկ ճանապարհի և մեկ առաքելության»։

Էդի Ռաման մերժել է հրաժարականի պահանջները՝ հայտարարելով, որ անկարգությունները սպառնում են Եվրամիությանն Ալբանիայի անդամակցության ձգտումներին։ Նա ուսանողներին հրավիրել է երկխոսության, սակայն միևնույն ժամանակ անհայտ արտաքին ուժերին մեղադրել է անկարգություններ հրահրելու և իր աշխատասենյակի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձ կատարելու մեջ։ Եվրոպական հանձնաժողովը դատապարտել է բռնությունները՝ միաժամանակ վերահաստատելով քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում