Բողոքի ակցիա Երևանում․ արցախցիները դեսպանատներին նամակներ են հանձնել՝ COP17-ին ընդառաջ

Բողոքի ակցիա Երևանում․ արցախցիները դեսպանատներին նամակներ են հանձնել՝ COP17-ին ընդառաջ

«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները հատուկ նամակներ են հանձնել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին։

Ակցիայի ընթացքում Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը ներկայացրել է դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված նամակի բովանդակությունը։ Նախաձեռնության մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են առաջիկա COP17-ի համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում օրակարգային դարձնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրները։ Պահանջագրում ընդգծված են Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ, կամավոր, արժանապատիվ ու կայուն վերադարձի իրավունքի իրացմանն աջակցելը։

Ալվարդ Զաքարյանն իր ելույթում շեշտել է, որ Արցախի ցեղասպանության մասին պետք է խոսել անընդհատ։ Նրա խոսքով՝ Հայաստան ժամանող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ այստեղ ապրում են ցեղասպանությունից մազապուրծ եղած 150 հազար արցախցիներ, որոնք ունեն մեկ հիմնական նպատակ՝ հետ վերադառնալ Արցախ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում