Զելենսկին զրուցել է Մարկո Ռուբիոյի հետ․ քննարկվել են հակահրթիռային պաշտպանության հարցերը

Զելենսկին զրուցել է Մարկո Ռուբիոյի հետ․ քննարկվել են հակահրթիռային պաշտպանության հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Իր Telegram-ալիքում Զելենսկին զրույցը բնութագրել է որպես «բովանդակալից» և հայտնել, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր։  

Զելենսկիի փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում են եղել բալիստիկ հրթիռների կալանիչները, որոնք անհրաժեշտ են մարդկային կյանքեր փրկելու համար, Ռուսաստանի կողմից սպասվող բալիստիկ հարվածների մասին վաղ ահազանգման համակարգերը, ինչպես նաև Starlink և Starshield համակարգերի հասանելիության վերականգնման հետ կապված իրավիճակը։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին պատրաստակամության և կառուցողական մոտեցման համար՝ ընդգծելով, որ այս ամենն ընթանում է պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերի ֆոնին, և կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին կապ հաստատել։  

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել էր հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։ Դրա հետևանքով ուկրաինական պաշտպանական ուժերը հոկտեմբերի 12-ին, 13-ին և մասամբ 14-ին չէին ստացել նախազգուշացումներ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների վերաբերյալ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում