Կառավարությունը միավորում է Արցախից տեղահանվածների, զորացրվածների և անապահովների աջակցության ծրագրերը․ հայտնի են 3 փուլերը
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում հաստատվել է անապահով ընտանիքների, անաշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Արցախից տեղահանված քաղաքացիների զբաղվածության աջակցության ծրագրերը մեկ միասնական համակարգում միավորելու նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ միավորման նպատակն է բարձրացնել աջակցության հասցեականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև դիմելու ընթացակարգերը շահառուների համար առավել հասկանալի դարձնել։
Նոր ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական փուլ, որոնցից առաջինում շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ էլեկտրոնային մեկանգամյա կրթական վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։ Այն անհրաժեշտ է օգտագործել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները կստանան համապատասխան վկայական։
Երկրորդ փուլում ֆինանսական աջակցություն կտրամադրվի գործատուին, ով ուսուցում անցած աշխատակցի հետ կկնքի առնվազն 3 ամսվա աշխատանքային պայմանագիր։ Գործատուին կփոխանցվի աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը՝ առաջին 3 ամսում 50%-ի չափով (առավելագույնը 25,000 դրամ), իսկ 4-ից 6-րդ ամիսներին՝ 100%-ի չափով (առավելագույնը 50,000 դրամ)։ Երրորդ փուլով սահմանվում է ֆինանսական խրախուսում հենց շահառուի համար, ում աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ 3 ամսից ավելի շարունակվելու դեպքում կտրամադրվի 100,000 դրամ միանվագ աջակցություն, իսկ 12 ամիս շարունակվելու պարագայում՝ 200,000 դրամ։ Նախարարը հավելել է, որ ողջ գործընթացն իրականացվելու է թվային հարթակի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում