Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում շարունակվում են քննարկումները մարզպետարանների հետագա գործունեության և մարզպետների ինստիտուտի վերափոխման շուրջ։ Թեև նախնական քննարկումներում դիտարկվում էր մարզպետարաններն ընդհանրապես վերացնելու և դրանց գործառույթները տարբեր գերատեսչությունների ու խոշորացված համայնքների միջև բաշխելու տարբերակը, այժմ քննարկվում է նաև այլ սցենար։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ մարզպետարանները լուծարելու ծրագիր է քննարկվում գործադիրում:

Սակայն, ըստ իշխանական մեր աղբյուրների, այս հեռանկարի շուրջ մարզպետների շրջանում անհանգստություն է առաջացել։ Վերջիններս փորձում են հասկանալ, թե ինչ կարգավիճակով և ինչ պաշտոններում կարող են շարունակել իրենց գործունեությունը հնարավոր վերափոխումների դեպքում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ իշխանության ներսում քննարկվում է նաև փոխզիջումային տարբերակ․ մարզպետների ինստիտուտը կարող է ամբողջությամբ չվերացվել, սակայն մարզպետներին վերապահվեն միայն որոշակի գործառույթներ, իսկ նրանց լիազորությունների շրջանակը զգալիորեն կրճատվի։ Այս տարբերակի դեպքում մարզերը կարող են պահպանել իրենց ղեկավարներին, բայց մարզպետարաններն այլևս չեն ունենա ներկայիս ծավալի գործառույթներն ու ազդեցությունը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունը դիտարկում է մարզային կառավարման այնպիսի մոդել, որի պայմաններում մարզպետների մի շարք լիազորություններ կփոխանցվեն պետական այլ մարմիններին, իսկ մնացածը կսահմանափակվեն։ Թե ինչ լիազորություններ կպահպանվեն մարզպետների համար, և ինչ կառուցվածք կունենան մարզային կառավարման մարմինները, դեռևս հստակ չէ։

Հատկանշական է, որ այս պահին խոսքը քննարկվող տարբերակների մասին է, և վերջնական որոշման կամ հաստատված օրենսդրական նախագծի առկայության մասին տեղեկություն չկա։ Սակայն իշխանական շրջանակներում ընթացող քննարկումները վկայում են, որ մարզպետարանների ապագա կարգավիճակի հարցը շարունակում է մնալ օրակարգում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում