Թոմ Բերենդսեն․ Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորածների որոնման աշխատանքներին

Թոմ Բերենդսեն․ Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորածների որոնման աշխատանքներին

Հոկտեմբերի 27-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։ Նա ողջունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ընդգծելով գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտին հասցնելու կարևորությունը։

Բերենդսենը հայտնել է, որ Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին աջակցելու նպատակով։ Նիդերլանդների արտգործնախարարը դրական է գնահատել հայ ժողովրդի՝ խաղաղության ճանապարհն ընտրելու որոշումը և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումը։ Նրա խոսքով՝ տևական խաղաղության հասնելու համար առանցքային է վստահության կամուրջների կառուցումը։ Իր հերթին Արարատ Միրզոյանն ընդգծել է անհետ կորածների հարցի առանձնահատուկ զգայունությունը երկու կողմերի համար էլ՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում