Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրանում է գլոբալ տաքացման միջինից 2-3 անգամ արագ․ Nature-ում ուսումնասիրություն է հրապարակվել

Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրանում է գլոբալ տաքացման միջինից 2-3 անգամ արագ․ Nature-ում ուսումնասիրություն է հրապարակվել

Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի տեմպերը 2-3 անգամ գերազանցում են գլոբալ տաքացման միջին ցուցանիշները՝ հասնելով Եվրոպայում արձանագրվող միտումներին, որը համարվում է Երկրագնդի ամենաարագ տաքացող աշխարհամասը։ Այս մասին նշված է հեղինակավոր «Nature Partner Journals» շարքի «npj Climate and Atmospheric Science» գիտական ամսագրում հոկտեմբերին հրապարակված ուսումնասիրության մեջ, որն իրականացրել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կլիմայի ծառայության մասնագետները։

Գիտական աշխատությունը նվիրված է վերջին տասնամյակներում Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությանն ու կլիմայական անոմալիաների ազդեցությանը։ Ըստ հետազոտության՝ երկրում գրանցված ամենատաք չորս տարիները դիտվել են 2010-2023 թվականներին, իսկ ծայրահեղ տաք ամիսների կրկնելիությունն ապշեցուցիչ աճ է գրանցել։ Մասնագետները հատուկ վերլուծության են ենթարկել 2023 թվականի մարտ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տարածաշրջանում դիտված անոմալ տաք պայմանները, որոնց պատճառով ձնածածկույթի լուրջ սակավություն է արձանագրվել նույնիսկ 3000 մետրից բարձր լեռնային գոտիներում։ Հետազոտողները քննել են մթնոլորտի ընդհանուր շրջանառության, օդային զանգվածների տեղաշարժի և լեռնային բարդ ռելիեֆի ազդեցությունը բարձր ջերմաստիճանների ձևավորման վրա։ Ստացված արդյունքները կարևոր նշանակություն կունենան Հայաստանում և հարակից տարածքներում կլիմայական ռիսկերի գնահատման, ինչպես նաև անոմալիաների միջնաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում