Ալեն Ղուլյան. Զինված փախուստներ դեպի Հայաստան և ադրբեջանական բանակի փակ դռների հետևում տիրող սարսափը
Կարդացեք նաև
Ադրբեջանական զինված ուժերում տիրող համակարգային բռնություններն ու «դեդովշչինան» վաղուց դուրս են եկել սովորական զորամասային միջադեպերի շրջանակից՝ դառնալով անվտանգային լուրջ մարտահրավեր նաև հայկական սահմանամերձ բնակավայրերի համար։ Ֆեյսբուքյանր իր էջում հրապարակված ծավալուն անդրադարձում փորձագետ Ալեն Ղուլյանը բացահայտում է ադրբեջանական բանակի ներքին ծանր ճգնաժամը՝ զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին։
Ինչպես նշում է փորձագետը, սահմանամերձ կամ առաջնագծում տեղակայված զորամասերում ծառայող ադրբեջանցի զինծառայողները, դառնալով համակարգային ճնշումների և անօրինականությունների զոհ, հաճախ փորձում են փախուստի դիմել։ Եթե հրամանատարությունը ժամանակին չի հայտնաբերում նրանց, ապա մեծ մասամբ փախստականները հատում են Հայաստանի սահմանը։
Նման դեպքերը վաղուց բացառություն չեն, մինչդեռ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար դրանք ուղղակի մահվան վտանգ են պարունակում։ Հոգեբանորեն ծանր և անհավասարակշիռ վիճակում գտնվող զինված դասալքները, հայտնվելով սահմանային գոտում, հաճախ դիմում են հանցագործությունների՝ կատարելով զինված հարձակումներ ու սպանություններ խաղաղ բնակիչների նկատմամբ։ Որպես ցայտուն օրինակ՝ Ալեն Ղուլյանը հիշեցնում է 2023 թվականի ապրիլին Նախիջևանի զորամասերից մեկից փախած և Հայաստանի քաղաքացուն դաժանորեն սպանած Աղշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի աղմկահարույց պատմությունը։
Հատկանշական է, որ Նախիջևանի առանձին համազորային բանակն այս հարցում որևէ բացառություն չէ. այնտեղ դասալքության, շորթումների և ոչ կանոնագրային հարաբերությունների մակարդակը նույնքան բարձր է, որքան ադրբեջանական բանակի ցանկացած այլ ստորաբաժանումում։ Այս ամենի վառ ապացույցն է օրեր առաջ Նախիջևանի «Սահիլ» զբոսայգում հայտնաբերված զինծառայող Էլնար Թագիևի դին, ով բանակ էր զորակոչվել միայն հոկտեմբերին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը ինքնասպանությունն է, ինչն ուղղակիորեն կապված է զորամասում գործադրված անտանելի հոգեբանական ճնշումների հետ։ Նմանատիպ ողբերգություն էր գրանցվել նաև հոկտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի պետսահմանային ծառայության Շամքիրի շրջանի զորամասում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր զինծառայող Օրխան Շաբանովի դին։
Ալեն Ղուլյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները պետք է դրսևորեն ծայրահեղ զգոնություն։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվում ադրբեջանական զորամասերի փակ պատերի հետևում և քանի հուսահատված ու դանակի դեմը հասած զինծառայող է հենց այս պահին ծրագրում փախուստ։ Ցանկացած պահի հերթական զինված դասալքը կարող է հատել սահմանը և հայտնվել հայկական բնակավայրերի մատույցներում՝ լուրջ սպառնալիք ստեղծելով մարդկանց անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում