12 տարվա ամենաուժեղ ցնցումը Լոս Անջելեսում. ինչ են հայտնում իշխանությունները
Կարդացեք նաև
Նոյեմբերի 28-ի առավոտյան՝ տեղական ժամանակով մոտ 09:30-ին, Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5․0 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Լոս Անջելեսում և հարակից բնակավայրերում։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների, որոնց հղում է անում ABC News-ը, էպիկենտրոնը գրանցվել է Մանհեթեն Բիչ քաղաքից վեց կիլոմետր արևմուտք։ Սա վերջին 12 տարվա ընթացքում Լոս Անջելեսի ամենաուժեղ ցնցումն է։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը քաղաքում արտակարգ արձագանքման հատուկ ռեժիմ էր սահմանել, իսկ ավելի ուշ՝ օդից, ցամաքից և ծովից քաղաքի 106 շրջանների ստուգումից հետո, հայտարարել է բնականոն աշխատանքային ռեժիմի վերադառնալու մասին։ Առաջին ժամերին տուժածների կամ շենքերի լուրջ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել հնարավոր հետցնցումներին՝ ցնցումների ժամանակ իջնել, ծածկվել և պահել իրենց՝ պաշտպանելով գլուխն ու պարանոցը ամուր կահույքի տակ կամ ներքին կայուն պատի մոտ՝ պատուհաններից ու դռներից հեռու։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ հայտնել է, որ նահանգի արտակարգ իրավիճակների գրասենյակը համակարգում է աշխատանքները տեղական իշխանությունների հետ, և հորդորել է հետևել տեղում փրկարար ծառայությունների ցուցումներին։
Հիմնական ցնցումից հետո սեյսմոգրաֆները նույն շրջանում գրանցել են 2․5-ից մինչև 3․8 բալ մագնիտուդով հետցնցումների շարք։ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը հայտարարել է, որ ցունամիի վտանգ չկա։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 5 և ավելի մագնիտուդով կրկնակի ցնցման հավանականությունը կազմում է շուրջ 5 տոկոս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում