Ս.Նարիշկինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանց ուղեկցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, բարձրաստիճան հյուրը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության նահատակների հիշատակը:
Սերգեյ Նարիշկինը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նախորդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիրը փաստող ցուցանմուշներին: Այնուհետեւ նա գրառում է թողել Գրառումների մատյանում, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ցեղասպաությունը ողբերգություն է, որը բաժին է ընկել Ձեր երկրին: Համոզված եմ, որ հայ ժողովրդի տոկունությունը, արիությունը եւ իմաստնությունը միշտ կծառայեն Հայաստանի խաղաղ զարգացմանը եւ բարգավաճմանը»:
Այնուհետև Նարիշկինը «Հիշողությունների պուրակ»-ում տնկել է խորհրդանշական եղևնի:
Հիշեցնենք, որ Ս.Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը այսօր կհանդիպի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ և հանդես կգա ելույթով: Իսկ վերջում Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում