Լավագույն մարզիկին ընտրում են լրագրողները, լրագրողներին` ՀՄԼՖ-ն
Կարդացեք նաև
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակն ընտրել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ), իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որն այս ընտրությանը չի միջամտում, պարզապես հրապարակել է ցանկը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՄԼՖ-ի հրապարակված ցանկից հետո աղմուկ բարձրացավ: Ինչու՞ է լավագույն մարզիկի ընտրությունը վստահվում ՀՄԼՖ-ին, ովքե՞ր են քվեարկությանը մասնակցած 30 մարզական լրագրողները, ի՞նչ սկզբունքով են ընտրվել քվեարկողները և լավագույն մարզիկները: Sport Times.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունը որևէ առնչություն չունի ՀՄԼՖ-ի հետ:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առնչությունն մարզական ֆեդերացիաների հետ այնքանով է, որ նախարարությունը սպորտի զարգացմանը նպաստող ռազամավարություններ է մշակում և վերահսկում է, որ ֆեդերացիաները դրանց հակասող գործողություններ չիրականացնեն: Իսկ ՀՄԼՖ-ի անդամները լրագրողներ են և չեն կատարում այնպիսի գործառույթներ, որոնք պետք է վերահսկվեն նախարարության կողմից: Պարզապես նախարարությունն ավանդաբար ընդունում է ՀՄԼՖ-ի կողմից իրականացվող տարվա լավագույն մարզիկի ընտրությունը: Այնպես չէ, որ այս մեթոդը մեզ մոտ է մշակվել. սա միջազգային ձևաչափ է, որը կիրառում ենք Հայաստանում»,-ասաց Աստղիկ Մարտիրոսյանը:

Աստղիկ Մարտիրոսյանը հիշեցնում է, որ դեռևս 2013 թվականին, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը Հրաչյա Ռոստոմյանն էր, լավագույն մարզիկի ընտրությունն առավել թափանցիկ դարձնելու և ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար առաջարկություններ են արվել:
Հրաչյա Ռոստոմյանն առաջարկել է`
- ՀՄԼՖ-ն համալրել նոր սպորտային լրագրողներով, ովքեր առնվազն 3 տարի լուսաբանել են սպորտի ոլորտը և ունեն 20-25 հոդված:
- Ստեղծել պաշտոնական ինտերնետային կայք և դրա միջոցով կազմակերպված օնլայն քվեարկությամբ կատարել լավագույն մարզիկների ընտրությունը:
- Ընտրության արդյունքները հայտարարել հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով:
«Հրաչյա Ռոստոմյանը շատ կառուցողական առաջարկություն արեց: Մարզական լրագրողները պետք է այդ գաղափարները զարգացնեին, սակայն դա մնաց թղթի վրա: Ես զարմացա, որ հետագա տարիներին այս ամենը չկիրառվեց: Այժմ մենք շարունակում ենք ընդունել այն ձևաչափով քվեարկությունը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում»,-ասաց Աստղիկ Մարտիրոսյանը` ընդգծելով, որ իր կարծիքով սխալ կլինի, եթե լավագույն մարզիկի ընտրությունը կատարի նախարարությունը:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հիմնադրվել է 1958 թվականին: Ֆեդերացիան հիմնականում հանդես է գալիս նախաձեռնություններով: ՀՄԼՖ-ն Հայաստանում մեծ սպորտի զարգացմանը նպաստելու համար ստեղծել է «Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկներ» ավանակարգը: Ներկայիս ֆեդերացիան պահպանել է ավանդույթը: ՀՄԼՖ-ի նախագահ Յուրի Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե տասնյակը կազմելիս ինչ սկզբունքներով են առաջնորդվում. «Նախապատվությունը տրվում է Օլիմպիական խաղերի մեդալակիներին, ապա Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին, հետո միջազգային պաշտոնական մյուս մրցաշարերի մրցանակակիրներին»:
Ստացվում է, որ հայ ֆուտբոլիստներն առաջիկայում տարվա լավագույն մարզիկ ճանաչվելու հնարավորություն չունեն, իսկ Յուրի Ալեքսանյանը համոզված է, որ տասնյակում պետք է լինեն Հայաստանի համար մեդալներ, տիտղոսներ նվաճած մարզիկները.
«Ոնց որ ասեք` եթե Յուրա Մովսիսյանի «Սպարտակը» դառնա Ռուսաստանի չեմպիոն, նա պետք է ընդգրկվի լավագույն մարզիկների տասնյակում: Նա Մոսկվայի «Սպարտակում» է խաղում, թող մրցանակ ստանա Ռուսաստանի կողմից. ի՞նչ կապ ունի Հայաստանը: Կամ ի՞նչ կապ ունի Արթուր Աբրահամը Հայաստանի մարզական կյանքի հետ: Նա հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Հանճարեղ հայ է, բայց ինչ կապ ունի հայկական սպորտի հետ»,-ասում է Յուրի Ալեքսանյանը:
Յուրի Ալեքսանյան
Յուրի Ալեքսանյանը նաև ներկայացրեց այն լրագրողների ցանկը, ովքեր ընտրել են Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին: ՀՄԼՖ-ի 30 ընտրյալներն են`
Գագիկ Բեգլարյան, Կարո Պողոսյան, Սամվել Աղամյան, Սերգեյ Խաչատրյան, Կարեն Գիլոյան, Սլավա Սարգսյան, Աշոտ Հայրապետյան, Զավեն Վարդանյան, Գագիկ Եղիազարյան, Միսաք Նալբանդյան, Ռուսլան Թաթոյան, Ալեքսանդր Գրիգորյան, Ռազմիկ Ավագյան, Արմինե Բեգլարյան, Մելիք Բաղդասարյան, Վադիմ Մկրտչյան, Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան, Արամ Ուգուջյան, Արտաշես Խաչատրյան, Արման Գևորգյան, Վրեժ Առաքելյան, Ֆելիքս Առուստամյան, Վադիմ Ղարիբյան, Աշոտ Հակոբյան, Սիրան Ոսկանյան, Նաթելա Հովասափյան, Հրայր Նազարյան, Յուրի Ալեքսանյան, Ռուդիկ Բարսեղյան:
Ըստ Յուրա Ալեքսանյանի` քվեարկողներն իրենց բնագավառի պրոֆեսիոնալներն են, ովքեր ունեն առնվազն 5 տարվա փորձ: ՀՄԼՖ-ի նախագահի` քվեարկելու առաջարկը չեն ընդունել Արթուր Նազարյանը (Armsport.am), Լուսինե Շահբազյանը (News.am):
Արթուր Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Զանգահարել են ՀՄԼՖ-ից` քվեարկությանը մասնակցելու առաջարկով: Խնդրել եմ ներկայացնել մարզիկների ցուցակը, իսկ ինձ պատասխանել են, որ ցուցակ չկա: Քվեարկությունը բոյկոտելու մտադրություն չի եղել. պարզապես մտածել ենք, որ քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես եղել է նախկինում, սակայն արդյունքները շուտ են ամփոփվել, և ես թյուրիմացաբար չեմ հասցրել մասնակցել»:
Sport Times.am-ի այն դիտարկմանը, որ արդյոք ճիշտ չի լինի, եթե քվեարկեն ոչ թե լրագրողները, այլ հենց լրատվամիջոցները, Յուրի Ալեքսանյանը բացասաբար արձագանքեց: Ըստ նրա` լրատվամիջոցները քաղաքականացված և բևեռացված են, ինչի հետևանքով օբյեկտիվ քվեարկություն իրականացնել հնարավոր չի լինի:
Գայանե Աբասյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում