Բողոքի ակցիա «Արմավիա» ավիաընկերության դեմ. «Արմավիա»-ն չարաշահում է ազգային ավիափոխադրողի մենաշնորհը
Նմանատիպ
Նալբանդյան փողոցում գտնվող «Արմավիա» ավիաընկերության գլխավոր գրասենյակի առջև այսօր քաղաքացիական նախաձեռնության մի շարք ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցները պահանջում են ավիաընկերությունից վերանայել Երևան-Հալեպ-Երևան չվերթի արժեքը:
Քաղաքացիական ակտիվիստ Նվարդ Մանասյանը կոչով դիմել է «Արմավիայի» ղեկավարությանը՝ մասնավորապես ասելով.
«Մենք տարիներ շարունակ հանդուրժել ենք, որ գոնե մեկ ազգային փոխադրող ունենանք։ Հիմա իր ազգային լինելն «Արմավիա»-ն ամբողջովին տապալեց. երբ մեր սիրիահայ հայրենակիցները մեծ խնդիրներ ունեն և չեն կարողանում գալ Հայաստան, մոռանալով, որ իրենք նաև ազգային են, փող են դիզում էդ մարդկանց ու նրանց տառապանքի հաշվին: Մենք ձեզ կոչ ենք անում հասկանալ, թե ինչ է ազգայինը, և քանի որ դուք պաշտպանված եք եղել հավասար մրցակցությունից, այդ առավելությունը դնել ի սպաս հայ ժողովրդի։ Եթե հիմա չկարողանաք ապացուցել, որ դուք ազգային եք, դուք մեզ ընդհանրապես պետք չեք: Վաղը, Աստված մի արասցե, եթե ուրիշ խնդիրներ լինեն, դուք ընդհանրապես չեք կարողանալու մասնակցել էդ դժբախտություննրի լուծմանը: Ինչո՞վ եք դուք ազգային, ինչո՞վ եք դուք ազգային անվտանգության համար պահվում որպես ազգային ավիափոխադրող: Մենք պահանջում ենք, որպեսզի թողնեք ազատ, շուկայական տնտեսության հիմար փաստարկումները: Մենք գիտենք, որ դուք լավ էլ շուկայից դուրս եք ու պաշտպանված: Սիրիահայերի վիճակը տեսնելով՝ դուք պարտավոր եք մարդկային լինել: Որտե՞ղ է ձեր սոցիալական պատասխանատվությունը: Այս պահին մենք ռեալ խնդիր ունենք, և եթե չեք կարողանում իրական քաղաքականություն վարել, ուրեմն թող գրողի ծոցը կորչի ձեր ազգային լինելը. կոչվեք ուղղակի «Արմավիա» և հավասար պայմաններով մասնակցեք միջազգային մրցակցությանը»։
Մեկ այլ ակտիվիստի՝ Ապրես Զոհրաբյանի կարծիքով «Արմավիա»-ի պատասխանը դասական «կրուտիտի» օրինակ է, քանի որ վերջինս պնդում է, թե գները փոխել են տոմսերը վերավաճառող գործակալությունները:
«Արաբական ավիաուղիները ևս կարող էին թանկացնել տոմսերի գները, սակայն այնտեղ գնային տատանումը չնչին էր, քանի որ՝ թասիբ, նամուս, աբուռ բառերը հասկանալի են նաև արաբերենով, իսկ «Արմավիա»-ն դա չունի: Հայաստանը շատ դժվար օրեր է ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսության փլուզում, և հենց այդ դժվարին օրերին մեր կողքին են եղել Սփյուռքահայերը, ի մասնավորի՝ սիրիահայերը։ Եվ եթե մենք հիմա հանդուրժենք «Արմավիայի» էս պահվածքը, դա կլինի ապերախտություն: «Արմավիան» Հայաստանում միակ կառույցն է, որ արձագանքեց սիրիական դեպքերին և մտածեց, որ «կակ ռազ» հարմար առիթ է տոմսերը թանկացնելու համար ու մարդիկ իրենց վերջին կոպեկն էլ կտան իրենց բարեկամներին Հայաստան տեղափոխելու համար։ Չի´ կարելի հարստանալ՝ մտնելով փախստականների գրպանը»,- նշում է Ապրես Զոհրաբյանը։
Նշենք, որ Սիրիայի ներքաղաքական վիճակի վատթարացմանը զուգահեռ մեծանում է Հայաստան վերադառնալ ցանկացող սիրիահայերի թիվը, իսկ «Արմավիա» ավիաընկերությունը, լինելով միակ ազգային ավիափոխադրողը, բավականին բարձրացրել է Երևան-Հալեպ-Երևան չվերթի տոմսերի գինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում