Մի քանի հիմնադրամներ կմիաձուլվեն, ԶՀԳ-ն կլուծարվի

Մի քանի հիմնադրամներ կմիաձուլվեն, ԶՀԳ-ն կլուծարվի

Հայաստանի կառավարությունն Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները կմիաձուլի, Զարգացման հայկական գործակալությունը կլուծարի և նրանց գործառույթները կկենտրոնացնի նոր ստեղծվող Հայաստանի զարգացման հիմնադրամի իրավասության ներքո:

Որոշումը պայմանավորված է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման, արդյունաբերության զարգացման, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև ռեսուրսները կենտրոնացնելու և առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն՝ դրա անհրաժեշտությունը նշում են նաև միջազգային կազմակերպությունների փորձագետները:

«Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծումը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի վարկային ծրագրի բաղադրիչներից մեկն է և այն կյանքի կոչելու համար նախատեսված է ֆինանսավորում ծրագրի շրջանակներում:

Ներկայումս Հայաստանում իրարից զատ գործում են Հայաստանի ազգային մրցունակության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամները, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալությունը, որոնք իրենց ծրագրերի իրականացման և վերջիններիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստանում են պետական աջակցություն: Վերոնշյալ մարմինների կողմից իրականացվող ծրագրերը վերջնարդյունքում հետապնդում են ընդհանուր նպատակ, այն է՝ ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացումը, իսկ գործառույթները հաճախ կրկնվում են, ինչն հանգեցնում է ռեսուրսների անարդյու նավետ օգտագործման:

Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծումը Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման և Զարգացման հայկական գործակալության լուծարման արդյունքում հնարավորություն կտա բարելավել ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման և վերջինիս համար նախատեսված ռեսուրսների կիրառման արդյունավետությունը, խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, խթանել օտարերկրյա ներդրումները, արտահանումը և զբոսաշրջությունը»,- ասված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին պետական աջակցության ցուցաբերմանը, նոր ներդրումների խթանմանը, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում