Հասան Ջեմալին լրագրողական մրցանակի են արժանացրել

Նմանատիպ
Չնայած հայկական քաղաքագիտական հանրությունը քննադատեց Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը` Հասան Ջեմալին, իր հրատարակած վերջին գրքում փաստերի ոչ օբյեկտիվ շարադրման մեջ, Հարվարդի համալսարանը նրան արժանացրել է Լուիս Լիոնի անվան լրագրողական մրցանակի: Մրցանակը շնորհվել է «Լրագրության մեջ բարեխղճության և արդարության» համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com-ը:
Մրցանակը տրվել է «լրագրողական գործունեության ողջ ընթացքում լրատվական ազատությունը պաշտպանելու գործում նրա ներդրած ջանքերի համար»: Ջեմալն իր մրցանակը վերցնելու է 2015 թվականի առաջին ամիսներին` Հարվարդի համալսարանում կայանալիք միջոցառմանը:
Լրագրողական շուրջ 45 տարվա փորձ ունեցող Հասան Ջեմալը դեկտեմբերի 11-ին այցելել էր Երևան` ներկայացնելու իր «1915 Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն թարգմանությունը: Սակայն լրագրողի այցելությունը հանդարտ չանցավ` կապված նրա գրքում տեղ գտած մի շարք ձևակերպումների հետ: Մասնավորապես, Ջեմալն իր գրքում գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքն օկուպացվել է հայերի կողմից», ինչպես նաև նա ԱՍԱԼԱ-ի հայ մարտիկներին անվանել էր «ավազակախմբի ներկայացուցիչներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում