Վ.Ավետյանի հայրը վերջապես ճանաչվել է տուժողի իրավահաջորդ

Հուլիսի 25-ին Վահե Ավետյանի սպանության գործով վարույթն իրականացնող մարմնի՝ քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանն իր մոտ է հրավիրել «Հարսնաքարում» դաժանորեն ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու նպատակով:

ԻՆչպես հաղորդում է «Hetq.am»-ը, դրան նախորդել էր նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից հուլիսի 11-ին իրենց վստահորդի անունից ներկայացված դիմումը, որով նրանք խնդրել էին վարույթն իրականացնող մարմնին ճանաչել Գ. Ավետյանին որպես տուժողի իրավահաջորդ:

Այդ հարցին արագ լուծում տալու փոխարեն քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանը և նրա վերադասը կապվել էին փաստաբանների հետ և պահանջել, որպեսզի դիմում ներկայացվի անձամբ Գ. Ավետյանի կողմից’ ասելով, որ լիազորված ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը բավարար հիմք չէ:

Այդ ընթացքում փաստաբանները բողոքարկել էին վարույթն իրականացնող մարմնի գործողությունները ՀՀ գլխավոր դատախազություն, և ահա երեկ, Գառնիկ Ավետյանի’ որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու ցանկությանը ուղիղ երկու շաբաթ հստակորեն իրազեկ լինելուց հետո միայն, քննչական խմբի ղեկավարն իր մոտ էր հրավիրել նրան’ այդ գործողությունը վերջապես իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը, հրավիրելուց հետո անգամ տուժողի հայրը և փաստաբանները ՀՀ քննչական գլխավոր վարչության մուտքի մոտ ստիպված էին սպասել, քանի որ քննիչը չէր պատասխանում ոչ փաստաբանի և ոչ էլ Գառնիկ Ավետյանի զանգերին:

Դրանից հետո էլ նրան թույլ չտրվեց բարձրանալ փաստաբանների հետ, և փաստաբանները հրավիրվեցին այն բանից հետո միայն, երբ քննիչը մոտ երկու ժամանոց «բացատրական աշխատանք» էր տարել տուժողի հոր հետ՝ նրա մոտ բարձրացնելով իր փաստաբանների կոմպետենտության հետ կապված հարցեր և անգամ համոզելով նրան հետաձգել ցուցմունք տալը’ պատճառաբանելով, որ նա համապատասխան հոգեբանական վիճակում չէ:

Փաստաբանները վերջապես հրավիրվել են, քանի որ իրենց վստահորդը պնդել է, որ ցանկանում է,, որ իր ներկայացուցիչները ներգրավվեն արագ և որ ինքը պատրաստ է անմիջապես ցուցմունք տալ:

Գառնիկ Ավետյանը երեկ ուշ երեկոյան տվել է իր ցուցմունքը’ փաստաբանների ներկայությամբ:

Լուսինե Հակոբյանը նշում է, որ «Հարսնաքարի» գործով քննչական խմբի գործողությունները ամենայն աչալրջությամբ «վերահսկում» են Վահագն Հարությունյանի կողմից, որը մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում