Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. Բժիշկներն առայժմ չեն կարող նրան վիրահատել
Նմանատիպ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը դեռ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ թեեւ զինծառայողի մոտ գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է եւ իրենք չեն կարող որեւէ բան անել: «Լյարդն է անհանգիստ, եթե կարողանանք պահպանել լյարդը, որ երկրորդ անգամ չվիրահատվի, լավ կլինի: Պետք է ողնաշարի վիրահատություն էլ արվի, բայց առայժմ վիճակը թույլ չի տալիս, ժամանակ է պետք»,-ասաց Արամ Ասատուրյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում