Չմոռանալով անցյալը` խաղալ նորովի

Չմոռանալով անցյալը` խաղալ նորովի

Երբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ Կարլ-Հայնց Ռիդլեն իր թեթև ձեռքով վճռեց, որ «Շալկե 04»-ը երկրորդ տարին անընդմեջ խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ, նա վերջին գերմանացին չէր, ով դառնորեն ժպտաց…

Բոլորը հիշում են, թե ինչպես նախորդ մրցաշրջանում «Ռեալը» 6:1 և 3:1 հաշիվներով հաղթանակներ տոնեց: Շատերը համոզված են` մադրիդյան թիմն այս անգամ ևս դժվարություններ չի ունենա, սակայն մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել, ու «Շալկե 04»-ը մտադիր է առավելության հասնել գործող գավաթակրի նկատմամբ:

Նախորդ մրցաշրջանը

Գերմանիայում կայացած խաղը «Շալկե 04»-ը բավականին հաջող սկսեց, սակայն աստիճանաբար իր խոսքն ասեց «Ռեալի» բարձր կարգը: Առաջին կեսում գերմանացիները 2 գնդակ բաց թողեցին, իսկ երկրորդ կեսում BBC-ի անդամներից յուրաքանչյուրը (Կարիմ Բենզեմա, Գարե Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու) կարողացավ դուբլ ձևակերպել: Այս ամենին դաշտի տերերը կարողացան պատասխանել միայն Կլաս-Յան Հունտելարի գեղեցիկ, բայց ոչ մի նշանակություն չունեցող գոլով:

6:1 հաշվից հետո պատասխան հանդիպումը լիովին ձևական բնույթ էր կրում: «Սանտյագո Բեռնաբեուում» Անչելոտիի թիմը հաղթեց 3:1 հաշվով. «Շալկեի» կազմում աչքի ընկավ Թիմ Հոոգլանդը, «Ռեալի» կազմում դուբլ ձևակերպեց Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփեց «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող Ալվարո Մորատան:

Այս խաղերի մի քանի րոպեները հիշելը բավական է, որ «Շալկե 04»-ի ֆուտբոլիստների մարմնով դող անցնի, բայց, որքան էլ տարօրինան թվա, ցավալի պարտություններում կային դրական պահեր: Նախ պետք չէ մոռանալ, որ Գելզենկիրխենում կայացած խաղում «Շալկե 04»-ի երկրպագուներն անգամ 0:6 հաշվի ժամանակ կոկորդ էին պատռում իրենց սիրելի թիմի համար:

Տրիբունաներում տիրող հիանալի մթնոլորտի շնորհիվ մեկնարկային րոպեներին «Շալկե 04»-ը բավականի ակտիվ էր, և բարդ է ասել` ինչպիսին կլիներ խաղի հաշիվը, եթե անկյունային հարվածի իրացումից հետո Բենեդիկտ Հյովեդեսը գրավեր Կասիլյասի դարպասը: Երկու խաղում էլ գերմանական թիմն ապացուցեց, որ կարող է ստեղծել վտանգավոր պահեր, կարող է դիմակայել իսպանական գրանդին, եթե, իհարկե, խաղա կենտրոնացված ամբողջ հանդիպման ընթացքում:

Ի՞նչ է փոխվել «Շալկե 04»-ում

«Շալկե 04»-ի կազմում գլխավոր փոփոխությունը կատարվել է մարզչական պաշտոնում: Հոկտեմբերին մրցաշրջանի վատ մեկնարկի համար Յեն Կելլերին փոխարինեց «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն, ում գլխավորությամբ թիմը վերադարձավ Բունդեսլիգայի լավագույն քառյակ ու պաշտպանությունում սկսեց շատ ավելի հաջող հանդես գալ: Սկզբում երկրպագուները Դի Մատեոյին առանց առանձնակի ոգևորության ընդունեցին, շատերը կարծում էին` նա ոչինչ չի կարող փոխել, սակայն նման կարծիքները չխանգարեցին իտալացի մասնագետին բարձակարգ աշխատանք կատարել: 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ռոբերտո Դի Մատեոն հաղթել է Չեմպիոնների լիգայում: 2012 թվականին «Չելսին» նրա գլխավորթյամբ կիսաեզրափակչից դուրս թողեց «Բարսելոնային», իսկ եզրափակչում առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ:

Ինչ վերաբերվում է կազմին, ապա ամռանը «Շալկեին» միացավ հարձակման գծի խաղացող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը, ով բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` «Մանչեսթեր Սիթիի» բարձրակարգ պաշտպան Մատիա Նաստասիչը: Դրա հետ մեկտեղ, որոշ առանցքային ֆուտբոլիստներ շուտով լիովին կապաքինվեն վնասվածքներից:

Նաստասիչի ներկայությունն ավելի կայուն է դարձնում «Շալկե 04»-ի պաշտպանության խաղը: Սերբ ֆուտբոլիստը դեռևս հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, սակայն ամռանը գերմանական ակումբը կարող է գնել նրա տրանսֆերային իրավունքները:  Կլաս-Յան Հունտելարը որակազրկված է Բունդեսլիգայում և, կարծես, այրվում է Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկությունից: Շուտով շարք կվերադառնան Սեադ Կոլաշինացը, Լեոն Գորեցկան, Ջեֆերսոն Ֆարֆանը և Յուլիան Դրաքսլերը: Իսկ «Ռեալում» այս տեսանկյունից խնդիրները շատ են. Սերխիո Ռամոսը, Սամի Խեդիրան, Լուկա Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսը վնասվածքներ ունեն, ինչը «Շալկեի» համար կարող է օգտակար գործոն դառնալ:

Մարտավարությունը

Դեռ նոյեմբերին Ռոբերտո Դի Մատեոն որոշեց, որ թիմը պետք է խաղա երեք պաշտպանով. իսկ ձմռանը Քաթարում կայացած ուսումնամարզական հավաքն օգնեց «Շալկե 04»-ին առավել կարգավորված մարտավարությամբ հանդես գալ: Պաշտպանների հետ համագործակցում է հետ քաշված հենակետայինը: Այս ֆուտբոլիստները եզրային խաղացողների հետ գնդակի կորուստի ժամանակ կարող են մրցակցի կյանքը քաոսի վերածել:

Հետաքրքրական է նաև այն, որ վերջին հանդիպումներում «Շալկե 04»-ը շատ հաճախ միտումնավոր զիջում է նախաձեռնությունը: Օրինակ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ խաղում, «Շալկեն» խաղաժամանակի ընդամենը 30% էր գնդակով, սակայն դա չխանգարեց դարպասն անառիկ պահել և նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: «Ռեալը» պետք է զգուշանա «Շալկեի» նման խաղից, քանի որ թուլության մի քանի վայրկյան, զգոնության ակնթարթային կորուստ, և գերմանական թիմը պատրաստ կլինի հակագրոհի:

.

Հաշվի առնելով «Շալկե 04»-ի ներկայիս պաշտպանությունը` դժվար թե ևս մեկ անգամ ականատես լինենք 6:1 հաշվի: Ռոբերտո Դի Մատեոն կրկին հնարավորություն ստացել պայքարելու եվրոպական առաջատարներից մեկի հետ և, հավանաբար, նրա թիմի խաղը հիմնված կլինի ամուր պաշտպանության ու հակագրոհների վրա: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հարձակման գծին դիմակայելը հեշտ աջառադրանք չէ, բայցև անլուծելի չէ:

Խաղին առնչվող ուշագրավ փաստեր

Գերմանական թիմերի հետ Գերմանիայում անցկացրած 27 խաղերից «Ռեալը» հաղթել է միայն 3 դեպքում: Երկու հաղթանակ մադրիդցիները տոնել են նախորդ խաղարկությունում` «Շալկե 04»-ի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում «Բավարիայի»` 4:0 հաշվով: Կրկին նախորդ խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» 0:2 հաշվով Դորտմունդում զիջեց «Բորուսսիային. դա մադրիդցիների համար գերմանական հողի վրա կրած 18-րդ պարտությունն էր:

Իսպանական թիմերի հետ անցկացրած 11 տնային խաղերից «Շալկե 04»-ը հաղթել է միայն 5 անգամ: Գելզենկիրխենցիները պարտվել են 4 անգամ: Ընդհանուր առմամբ, իսպանական թիմերի հետ անցկացրած 25 խաղում «Շալկե 04»-ը տոնել է 7 հաղթանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում