Նախարարը հույս ունի, որ ընդդիմադիրները կմասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքին

Նմանատիպ
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը նախորդի համեմատ ավելի ներկայացուցչական կլինի: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ խորհրդում կընդգրկվեն քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: «Փորձել ենք այս խորհրդի գործունեության մեխանիզմներն արդյունավետ, ճկուն դարձնել և հնարավորություն տալ՝ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել, որովհետև պետք է գործի նաև փորձագիտական հանձնախումբ, որպեսզի խորհուրդը կարողանա ունենալ օբյեկտիվ իրավիճակ, կատարել ճիշտ վերլուծություններ ու ընդունել ճիշտ որոշումներ, որոնք հետագայում պետք է իրականացվեն համապատասխան իրավական ակտերի տեսքով, մասնավորապես, վարչապետի, կառավարության որոշումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի արդյունավետ դարձնել: Մանուկյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կան նաև հատուկ դրույթներ: Օրինակ, նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունները և գործիքակազմն ընդլայնել, ինչը հնարավորություն կտա վեր հանել, արդյունավետորեն բացահայտել չհիմնավորված հարստացման և շահերի բախման երևույթները: «Սա կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման, գնահատման և դրանց դեմ համապատասխան գործողություններ իրականացնելու կարևորագույն գործիք է»-, նկատեց նախարարը՝ կարևորելով նաև քաղաքական կամքի առկայությունը:
Միաժամանակ, Մանուկյանը հույս հայտնեց, որ ԱԺ ընդդիմադիրները կմասնակցեն խորհրդի աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում