Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում ակնաբուժական զննում է իրականացվել երեխաների համար
Նմանատիպ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» հետ համատեղ ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում:
Ինչպես հաղորդում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագրի շրջանակներում օգոստոսի 12-ից 17-ը բուժզննում է անցել տեսողական խանգարում ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի 262 երեխա: «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» տրամադրած ժամանակակից սարքավորումների միջոցով կատարվել է ախտորոշում, եւ տրամադրվել համապատասխան ակնոցներ: Բժիշկների խմբի հետ Հայաստան էին ժամանել նաեւ տեխնիկական մասնագետներ, ովքեր տեղում հղկում եւ համապատասխանեցնում էին ակնոցները:
Զննում անցած երեխաների ծնողները գոհունակությամբ խոսել են նախաձեռնության կարևորության մասին: «Առանց գյուղից դուրս գալու կարողացանք հասկանալ մեր երեխաների վիճակը եւ նրանց համար ակնոցներ ձեռք բերել», -ասել է բնակիչներից մեկը:
Ակնաբուժական ծրագրից անմասն չեն մնացել նաև համայնքների տարեցները: Գյուղերի բուժքույրերի նախապես կատարած հետազոտությունների արդյունքում’ 60-ից բարձր տարիք ունեցող 861 բնակիչ ստացել է օպտիկական ակնոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում