Հալեպում ընթացող մարտերից հայկական համայնքը կորուստներ չի կրել

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև մարտերը շարունակվում են: Քաղաքը դեռ զրկված է ինտերնետից ու հեռախոսակապից:
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակցին քիչ առաջ դժվարությամբ հաջողվել է կապ հաստատել Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և տեղեկացել, որ այսօր առավոտյան շարունակվել են կրակոցներ հնչել Թիլել-Ժդայդե շրջանում, որը Հին Հալեպի թաղամաս է համարվում: Իսկ երեկ պայթյուն է տեղի ունեցել Հաջ Հաբիբ թաղամասում, որտեղ հայ բնակիչները հասել են օգնության’ հրդեհը մարելու համար:
Դամասկոսի Մազզե շրջանում այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հայկական համայնքի որևէ բնակիչ այս երկու քաղաքներում չի տուժել:
Այս պահի դրությամբ դժվար է հաստատել տարածված տեղեկությունները, թե այդ շրջաններն անցել են Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ, քանի որ սիրիական կառավարական զորքը դեռ փորձում է վերահսկել այդ շրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում