Օգոստոսի 25-ի Արթուր Աբրահամը տիտղոսային մենամարտ կտանի Ռոբերտ Շտիգլիցի հետ

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ’ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Արթուր Աբրահամի վերջին մարզումը, որը բաց մարզում էր լրատվամիջոցների եւ երկրպագուների առջեւ, տեղի է ունեցել այսօր, Բեռլինում: Իր առաջիկա ծրագրերի մասին Արթուր Աբրահամը կխոսի օգոստոսի 25-ին կայանալիք մենամարտից հետո:

«Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Բավականին երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ գալիք մենամարտին: Վստահ եմ’ հաղթելու եմ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հայազգի բռնցքամարտիկը հոգեբանորեն պատրաստ է մենամարտին. նրա մարզիչը’ Ուլի Վեգները, գոհ է սանի մարզավիճակից: «Հոգեբանորեն պատրաստ եմ մենամարտին: Նման պատրաստվածությունը հաջողության գրավականներից մեկն է: Մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Մարզիկը հոգեբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Մարզիկ-մարզիչ կապը պետք է նման լինի հայր-որդի կապին: Ես այդ պատնեշը հաղթահարել եմ եւ ինձ հոգեբանորեն տրամադրել եմ մենամարտին: Իմ հոգեբանն իմ մարզիչն է, նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին եւ դա ցույց կտամ օգոստոսի 25-ին»,- շեշտել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Բադեն-Արենա համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց’ նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երկրորդը’ Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին’ Պյոտր Վիլշեւսկուն (109 միավոր)’ վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում