Տարոն Մարգարյանը պատվոգրեր է հանձնել «Բազե 2012»-ի առաջատար «Երևան» ջոկատին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի հաղթող Նարնջագույն ճակատի «Երևան» ջոկատին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով հաղթողներին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության և հաղթանակի ակնկալիքներն արդարացնելու համար: «Երևան» ջոկատի անդամներին քաղաքապետը հրավիրել է ներգրավվելու և մասնակցելու Երևանի երիտասարդական խորհրդի գործունեությանը:

«Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդությունը պետք է լայնորեն ներգրավված լինի նաև քաղաքային նշանակության ծրագրերի քննարկման ու դրանց իրականացման գործում: Կարող եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի բոլոր այն առողջ նախաձեռնություններին, որոնցով հանդես կգաք դուք և ձեր ընկերները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Բազե 2012»-ի «Երևան» ջոկատի ղեկավար Գոշ Սարգսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար, նշել է, որ երիտասարդներն իսկապես պատրաստակամ են մասնակցելու համաքաղաքային ծրագրերի իրականացմանն ու վստահեցրել է, որ առաջիկայում կփորձեն գործով ապացուցել այդ պատրաստակամությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի ինտելեկտուալ, մարզական ու մշակութային բոլոր մրցույթներում ներճակատային, ապա և բացարձակ առաջատար դարձած «Երևան» ջոկատի անդամներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ 10-րդ հոբելյանական հավաքում գերազանց արդյունք ցուցաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում