Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեեղեկատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն’ Վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով’ մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված կապերին եւ համագործակցությանը, մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման եւ կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս դեսպանի սրտակցություն հայտնեց Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով տեղ գտած ավերածությունների եւ բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության եւ ցուցաբերված օգնության համար:

Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսեցին նաեւ իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարության մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին: Վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացությամբ’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարությունների է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ եւ սրբավայրեր: Չարիք է պատերազմը, եւ Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթում ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը, վերականգնվի ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում