Ա.Աբրահամի մենամարտին կարելի է հետևել նաև հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Ինչպես տեղեկացնում են հայազգի բռնցքամարտիկի լրատվական ծառայությունից, այսօր Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի’ մենամարտին նախորդող մամլո ասուլիսը’ մարզիչների եւ մենեջերների մասնակցությամբ:

«Երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ինձ մոտ ամեն ինչ հինալի է: Վստահ եմ’ հաղթելու եմ’ իմ մարտարվեստի երկրպագուներին պարգեւելով դիտարժան մրցելույթ»,- ասել է Արթուր Աբրահամը: Իր հերթին հայ բռնցքամարտիկի մարզիչը’ Ուլի Վեգները, շեշտել է, որ գոհ է սանի մարզավիճակից:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց’ նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երկրորդը’ Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին’ Պյոտր Վիլշեւսկուն (109 միավոր)’ վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի’ 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 37 մենամարտ, որոնցից 34-ում հաղթել է’ համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին’ ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում