«Հայկական ժամանակ». Զենք ձեռք բերելու գործընթացը հեշտացվել է
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունը մշակել և երկու օր առաջ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Զենքի մասին» նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է որոշ չափով հեշտացնել քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու գործընթացը:
«Զենքի մասին» գործող օրենքով քաղաքացիները ակոսափող, այսինքն’ գնդակ կրակող հրազեն կարող են ձեռք բերել հինգ տարվա փորձաշրջան անցնելուց հետո: Նոր օրենքով առաջարկվում է ակոսափող հրազենի ձեռքբերման իրավունք տալ 21 տարին լրացած և զենք կրելու թույլտվություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Գործող օրենքով’ զենքով պարգևատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը և ԱԱԾ տնօրենը: Վերջին երեքի դեպքում գործող օրենքը հստակ սահմանում է, թե ինչ արժանիքների համար կարող են իրենց աշխատակցին զենքով պարգևատրել: Նոր օրենքով սահմանվում է միայն նույն պաշտոնատար անձանց զենքով պարգևատրելու իրավունք ունենալը, իսկ պարգեւատրվողի արժանիքների մասը հանված է: Այսինքն, նոր օրենքով’ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը և Պնախարարը ում ցանկանան’ կարող են զենքով պարգևատրել: