Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի խմբերը հանդես կգան W.O.A Metal-Battle Caucasus! երաժշտական մենամարտում
Նմանատիպ
Ապրիլի 24-ին, 25-ին եւ 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բաց երկնքի տակ կանցկացվի Tbilisi JAM! Fest 2015 միջազգային երաժշտական փառատոնը: «Դրանք կլինեն երաժշտական նոն-ստոպ խենթության երեք օրեր»,- հայտարարում են կազմակերպիչները, որոնց խոսքով՝ lineup-ը (մասնակիցների կազմը) մշտապես համալրվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մտադիր ենք Թբիլիսիի բնակիչների եւ մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպել միասնության եւ ազատության անմոռանալի տոն: Թբիլիսիի ծովի տարածքում կստեղծվի Հարավային Կովկասի իսկական երաժշտական մայրաքաղաք»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են JAM! Events համերգային գործակալության եւ Թբիլիսիի Ռոք-երաժշտության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները:
«Ժամանցային, ֆոլկ եւ lounge գոտիներ, բայքերների շոու, կրակոտ եւ զգեստավորված շոուներ, մարզական մրցումներ եւ մրցույթներ…Մրցանակներ եւ այնպիսի խմբերի մասնակցությամբ ֆոտոսեսիաներ, որոնց ժամանման մասին Հարավային Կովկասում ավելի վաղ միայն կարող Էին երազել…Բարբեքյու բաց երկնքի տակ՝ քաղաքային իրարանցումից հեռու: Դա կլինի իսկական երաժշտական դրայվ»,-նշել են կազմակերպիչները:
Արդեն հայտնի Է, որ փառատոնին կժամանեն Diary of Dreams-ը, Սլոթ-ը եւ The Fading-ը: Երեք օր շարունակ հանդիսատեսի առջեւ ելույթ կունենան Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրտիտանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Թուրքիայից ժամանած երաժիշտներ ու խմբեր:
Կազմակերպիչները նաեւ նշում են, որ փառատոնի նպատակը հարավկովկասյան տարածաշրջանի երիտասարդներին մերձեցնելն Է եւ Վրաստանի՝ որպես երաժշտական ու մշակութային գլոբալ կենտրոնի դիրքերի ամրապնդումը:
«Աշխարհի տարբեր երկրների մի քանի տասնյակ ճանաչված ռոք-խմբեր եւ դի-ջեյներ կմեկտեղվեն, որպեսզի ասեն «Ոչ բռնությանը»: Այդ ակցիան կանցկացվի փառատոնի շրջանակներում»,-հայտնում են կազմակերպիչները:
Tbilisi JAM! Fest 2015-ի գործընկերն Է Wacken Open Air-ը (աշխարհում խոշորագույն փառատոնը բաց երկնքի տակ): Փառատոնի շրջանակներում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կոլեկտիվները միմյանց մարտահրավեր կնետեն W.O.A Metal-Battle Caucasus! երաժշտական մենամարտում: Հաղթողը կուղեւորվի Գերմանիա, որպեսզի Wacken Open Air-ում ներկայացնի ամբողջ Հարավային Կովկասը:
Փառատոն-ակցիային աջակցելու պատրաստակամություն են հայտնել Գյոթեի ինստիտուտը, Վրաստանում Իսրայելի դեսպանությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը: Որպես փառատոնի գլխավոր գործընկեր հանդես Է եկել ուկրաինա-վրացական BE.GE ինտերնետ-խանութը: Փառատոնի տոմսերը կարելի Է ձեռք բերել biletebi.ge կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում