«Առավոտ». ՏԻՄ ընտրությունները այլըտրանքային չեն լինելու. խմբագրական
Նմանատիպ
«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ և իրատեսական գնահատական է: Բայց եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին, որ ես մարդկանց մեջ սպանում եմ հույսն ու հավատը, հաշտվողական և հարմարվողական տրամադրություններ եմ սերմանում, փոխանակ ոգեկոչեմ ժողովրդին սրբազան պայքարի և այլն: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ռեալ չէ, դա, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանք առաջացնում է: Որքան ես եմ հասկանում, ընդդիմության առաքելությունը այյընտրանք առաջարկելն է: Օրինակ, Գյումրիի բազարում, որտեղ, ըստ տեղի իրավապաշտպանների, մոտ 5000 անօթևան կա, Վարդան Ղուկասյանն այդ հարցը չի լուծել, Սամվել Բալասանյանն էլ չի լուծի: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի գործը, իմ կարծիքով, հետևյալն է’ գտնել ուղիներ, որպեսզի 3 տարում այդ մարդկանց թիվը պակասի գոնե 1000-ով, և առաջարկել այդ ուղիները’ ընտրողներին: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ’ ճիշտ այն սցենարով, որոնք նկարագրել է տիկին Սարգսյանը: 3 տարի անց, երբ անօթևանների թիվը մնում է 5000, ընդդիմությունն ասում է’ «տեսա՞ր, որ իշխանությունն այս հարցը չկարողացավ լուծել»: Եթե այլընտրանք և, համապատասխանաբար, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում, նման հարցերը «դատապարտվում են» հավերժ մնալ չլուծվածների շարքում:
«ՀԱԿ-ը մասնակցելու է և համայնքային ղեկավարների, և ավագանու անդամների մակարդակով»,-նաև ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Համենայնդեպս, մինչև այս պահը Կոնգրեսը ոչ համայնքի ղեկավարի, ոչ ավագանու «մակարդակով» որևէ թեկնածու չի առաջադրել: Եվ ոչ միայն Կոնգրեսը, այլև «Ժառանգությունը», Կոմկուսը և մի շարք այլ քաղաքական ուժեր չեն ցանկանում այս ընտրություններն օգտագործել’ իրենց գաղափարներն ու առաջարկները քարոզելու համար: Այդ իմաստով : Իսկ այն, ինչ պաշտոնապես կոչվում է «այլընտրանք», պարզապես խեղկատակություն է: Ըստ օրենքի, որպես թեկնածու պետք է գրանցվի մեկ հոգուց ավելի: Եվ ահա ճարպիկ գյուղապետներն ու քաղաքապետները ելքը գտել են. որպես «այլընտրանքային» թեկնածու գրանցում են իրենց բարեկամներին և կուսակցական ընկերներին (որոշ միամիտներ կարծում էին, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ պիտի պայքարեն), իսկ այնուհետև այդ ձեռնասուն «այլընտ-րանքները» ինքնաբացարկ են հայտնում: Սա այն դեպքն է, երբ օրենքի տառը ձևականորեն պահպանվում է, սակայն իրականում ոչ մի մրցակցություն էլ չի ծավալվում:
Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես’ մի քանի համայնքում սպասվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ «ճակատամարտ»: Բայց ազդեցիկ կլանների մեջ այդ պայքարը «այլընտրանքային» անվանելը խիստ չափազանցություն կլիներ»,-գրում է «Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում