«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյան պաշտոնանկությունը` դիվիդենտներ շահելու միջոց
Նմանատիպ
Իշխանական կուլիսներում կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման:
Այն, որ Տ. Սարգսյանն իր պաշտոնավարման այս տարիներին լուրջ ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում, հայտնի է ամենքին. այդ մասին է վկայում և´ երկրում տիրող իրավիճակը, և´ պաշտոնական վիճակագրությունը: Ժամանակին շատերի համար անհասկանալի էր, թե ինչու Սերժ Սարգսյանը, չնայած Տ. Սարգսյանի ձախողումներին, Աժ ընտրություններից հետո նրան կրկին նշանակեց վարչապետ՝ գրեթե նույնը թողնելով նաև կառավարության կազմը: Այդ օրերին ՀՀԿ-ականները փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք կայունության կողմնակից են և այդ իսկ պատճառով էլ առանձնապես չեն փոխել կառավարության կազմը: Բայց մյուս կողմից հստակ ակնարկներ եղան, որ Աժ ընտրություններից հետո ձևավորվածն ընդամենը ժամանակավոր կառավարություն է և նախագահական ընտրություններից հետո հիմնովին փոփոխվելու է:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների’ իշխանական վերնախավում այժմ քննարկվում է սցենար, ըստ որի’ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ պաշտոնանկ է անելու Տ. Սարգսյանին: Մանավանդ որ աշնանը, պայմանավորված մի շարք ներքաղաքական իրողություններով սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումով գազի սակագնի բարձրացումով երկրում իրավիճակը կլինի բավական լարված: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելով’ Ս. Սարգսյանը կփորձի մեղմել հասարակական ընդվզումներն ու այդպես կկարողանա էժանագին դիվիդենտներ շահել: