ՀՀ գերատեսչությունները լիովին պատրաստ են ՀԱՊԿ զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը’ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից, բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է.
«Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք մեզ համար ունեն կարևոր նշանակություն’ հաշվի առնելով զորավարժությունների անցկացման հասարակական, քաղաքական և կոնկրետ կիրառական նշանակությունը: Կարծում եմ, որ մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են պատշաճ մակարդակով զորավարժությունները անցկացնելու համար, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտություն կա համադրելու Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքները’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները»:
Խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:
Նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. ծրագրի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում