Բողոքի ակցիա Հունաստանում` Հունգարիայի իշխանությունների որոշման դեմ

Երեկ’ սեպտեմբերի 5-ին, Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում հայկական երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի և Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ հունահայությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հունգարիայի ներկայացուցչությունների առջև, հայտնում է Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» թերթը:
Հունահայերը իրենց բողոքն են արտահայտել ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման դեմ:
Սալոնիկում ակցիայի մասնակիցները հավաքվել են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու առջև, ապա, լոզունգներ պարզած, շարժվել են դեպի Հունգարիայի հյուպատոսություն շենք, որտեղ Սալոնիկի հայկական պատվիրակությանն ընդունել է Հունգարիայի հյուպատոսի ներկայացուցիչը, ով պարտավորվել էր բողոքի մասնակիցների ներկայացրած հուշագիրը հանձնել հյուպատոսին:
Աթենքում տեղի ունեցած ցույցը գլխավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հունաստան ժամանած 22 երիտասարդներ, ովքեր պարզել էին Արցախի դրոշը։
Հայկական պատվիրակության անդամները դեսպանի խորհրդականին են հանձնել բողոքի հուշագիր և ներկայացրել համայն հայության ընդվզումն ու զայրույթը Հունգարիայի կառավարության՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում