Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նիս քաղաքի Հայաստանի այգում ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ

Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետև հայրապետական պատվիրակության անդամների, թեմական և ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց և հավատացյալ հայորդիների հետ ուղևորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց Հայրապետը ծաղկեպսակ դրեց նաև Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից, Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք’ ի պատիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվեց պատմաբան, հրապարակախոս, բարերար Հովհաննես Չիլինգիրյանը’ ի գնահատություն Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներդրած ջանքերի, եկեղեցանվեր ու ազգասեր երկարամյա վաստակի: Նորին Սրբությունը հանդես եկավ խոսքով’ ի մասնավորի ասելով. «Սիրելիներ, դարերով վկայված է այն իրողությունը, որ մեր Սուրբ Եկեղեցուց, սրբազան արժեքներից հեռու հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունն ու գիտակցությունը, անխաթար պահել հավատքը: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին գոյավորվում է միասնությամբ ու հավատացելոց հավաքականությամբ, քանզի ինչպես հաստատում է առաքյալը, ի Քրիստոս «մի մարմին ենք բոլորս» (Ա Կորնթ. Ժ 17):

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միասնության այս անհերքելի ճշմարտությունը քարոզեց ու արմատավորեց մեր ժողովրդի մեջ’ իբրև հիմք հայ քրիստոնեական ինքնության ու հարատևության: Մենք սիրո, միասնության ու միաբանության և առ մեր Սուրբ Եկեղեցին հավատարմության այս հորդորով ենք եկել և ակնկալում նաև Հայ Եկեղեցու ծոցից հեռացած որոշ հայորդիների զղջումով վերադարձը Մայր Եկեղեցի, որը սիրող ծնողի պես փայփայում է իր զավակներին, սնում ու խնամում և բաշխում կենարար շնորհները Ամենակալ Տիրոջ: Բոլոր հայորդիք զավակներն են մեր Սուրբ Եկեղեցու, որն իր օրհնությունները բաշխում է ամենքին, ներում ապաշխարողի մեղքերը, հորդորում սրբորեն պահպանել ու հարգել մեր հայրերի կողմից հաստատված ու մեզ ավանդված եկեղեցական սրբազան կանոններն ու ավանդությունը և ապրել ու գործել հավատքով զորացյալ, որպեսզի շեն ու պայծառ լինի ազգային-եկեղեցական մեր կյանքը»:

Վեհափառ Հայրապետը հորդորեց հավատավոր հայորդիներին մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի պայծառության նախանձախնդրությամբ շարունակել աստվածահաճո և բարեպաշտ ընթացքը, լինել օրինապահ ու պատվավոր քաղաքացիները Ֆրանսիայի, միշտ մնալ հավատարիմ և արժանավոր զավակները հայոց ազգի և Սուրբ Եկեղեցու:

Սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ Պատարագ մատուցվեց Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցում: Պատարագին ներկա էին Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների անդամների, հավատացյալ հայորդիների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում