Տ. Մարգարյանն այցելել է Երեւանի հեծանվահրապարակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարակի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում’ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ:

Ի մասնավորի քաղաքապետն առաջարկել է հեծանվասպորտի զարգացմանը զուգընթաց, մարզակառույցի ընձեռած հնարավորությունների տնօրինման հարցում լինել առավել նախաձեռնող ու այն դիտարկել նաև որպես մայրաքաղաքի մարզամշակութային յուրօրինակ կենտրոն’ խթանելով ինչպես այլ սպորտաձևերի մրցումների, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացումը:

Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող հեծանվահրապարակն ունի բոլոր նախադրյալները բազմաբնույթ միջոցառումների անցկացման համար, այդ թվում նաև 3200 հադիսատեսի համար նախատեսված նստարաններ:

Ի դեպ, հեծանվահրապարակի այցելուների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով մարզակառույցի հարակից հատվածում արդեն շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հենտիոտն անցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում