Գերմանիան փորձում է ձերբազատվել միակ ցեղասպան և ցեղասպանություն հանցանքը ներմուծած պետության խարանից

Գերմանիան փորձում է ձերբազատվել  միակ ցեղասպան  և ցեղասպանություն հանցանքը ներմուծած պետության խարանից

Ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ համաշխարհային քաղաքականության, մեդիայի և հասարակության ուշադրության կենտրոնում է այս իրողությունը:

Քաղաքական գործիչները հարյուրամյա բարձունքից միլիոնավոր հայերի սպանությունը որակում են կոտորած, մեծ սպանդ, ջարդեր, սակայն խուսափում են հենց սպանություն եզրույթից, որը քաղաքական կատեգորիա է դարձել` երկրորդական պլան մղելով բարոյական արժեքներն ու պարտավորությունները:

Մինչ աշխարհի տարբեր երկրների իշխող էլիտաները փորձում են ընտրել այնպիսի եզրույթ, որը կիրառելով չեն փչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն միաժամանակ մեղսակից չեն դառնա այդ պետությանը, բավականին անսպասելի լուրեր ստացվեցին Գերմանիայի Դաշնությունից:

Մեկ օրվա ընթացքում երկրի արտգործնախարարը, Կառավարության խոսնակն ու իշխող ՔՍՄ-ՔԴՄ քաղաքական դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի փոխնախագահը հայտարարեցին, որ մտադիր են բանաձևեր ընդունել, որտեղ նշվելու են Հայոց ցեղասպանություն եզրույթը:

Կարդացեք նաև` Անգելա Մերկելը և Մեծ կոալիցիան Հայոց ցեղասպանության մասին բանաձև են պատրաստում

Հայտարարություններն իսկապես առաջին հայացքից անսպասելի, սակայն տրամաբանական և ժամանակին: Գաղտնիք չէ, որ Գերմանիան ավանդաբար դասվում է այն երկրների շարքին, որի հետ Թուրքիան ունի գործակցային լավ հարաբերություններ, դաշնակցության պատմական հիմք և հզոր թուրքական համայնք: Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ԵՄ-ի երկրներն ու հենց ԵՄ կառույցը առաջատարն է, սակայն Գերմանիան մինչ այժմ լռություն էր պահում` առաջնությունը տալով թուրք-գերմանական հարաբերությունների կայունությանը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի քսան երկրների կողմից, որոնցից 11-ը ԵՄ-ի անդամ երկրներ են: ԵՄ-ն նաև առաջին միջազգային կազմակերպությունն է, որն ընդունել է Ցեղասպանությունը: Իսկ նման կազմակերպությունների թիվը հասնում է ընդամենը յոթի, որոնց մեջ ներառված է նաև մեկ այլ եվրոպական կառույց` Եվրոպայի խորհուրդը:

Գերմանիան ԵՄ-ի առաջատար երկրներից է առանց որի վճռորոշ ձայնի ԵՄ-ի ներսում որոշումները մեծ դժվարությամբ կընդունվեն, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում այս կառույցի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի առանցքային բանաձևեր ընդունվեցին: Այսպես,

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» Քաղաքական համաժողովը մարտի 3-ին ընդունեց «Հայկական ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խորագրով բանաձև, Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որի 77-րդ կետում մասնավորապես նշվում է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արվում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»: Օրերս էլ Եվրախորհրդարանի կողմից էլ ընդունվեց Հայոց ցեղասպանության հայուրամյա տարելիցին նվիրված բանաձև:

Կարևոր է նշել նաև նախորդ շաբաթ Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը, ով ևս մեծ հեղինակություն է վայելում Եվրոպայում:
Այս ամենը բավականին ամուր հիմք է նախապատրաստել Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների համար, որպեսզի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականցված հանցանքը ցեղասպանություն կոչվի:

Հարկ է նաև հարցը դիտարկել այլ ասպեկտներից ևս: Այսօր աշխարհում համընդհանուր ճանաչում ունի միայն գերմանացիների կողմից իրականացված հրեաների ցեղասպանությունը: Այսինքն` Գերմանիան պաշտոնապես ճանաչվել է միակ երկիրը, որն իրականացրել է ցեղասպանություն: Անշուշտ, պատմության այդ ամոթալի խարանը միայնակ կրելը պատվաբեր չէ ներկայիս Գերմանիային: Չպետք է մոռանանք նաև, որ Հիտլերի` հրեաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու «ներշնչանքը» բխել է Օսմանյան կայսրության «հաջողված» փորձից: Գերմանիան, որպես սեփական հանցանքն ընդունած պետություն, պարտավոր է նաև դատապարտել այդ հանցանքի անուղղակի ներշնչողներին: Այդ կերպ նա իր անունը կձերբազատի միակ ցեղասպան պետության պիտակից և կդադարի ցեղասպանություն հանցանքի ներմուծող պետությունը լինելուց:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում