Վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդը

Մայր աթոռից խոր ցավով տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:

«Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության եւ հանգստության համար’ սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը»,- նշվում է Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում:

Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (ավազանի անունով Եղիա) ծնվել է 1946թ. օգոստոսի 18-ին Հալեպում: Այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:

1961թ. ընդունվել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, 1968 թ. ավարտել ընծայարանի բաժինը:

1966թ. մայիսին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1968թ© հուլիսին’ աբեղա’ ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:

1971թ. նոյեմբերին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում լուսարարապետ Տ. Հայկազուն արքեպիսկոպոսի ձեռամբ ստացել է վարդապետական աստիճան:

1968-1971թթ. վարել է ընծայարանի փոխտեսչի եւ քարտուղարի պաշտոնները’ դասավանդելով միաժամանակ գրաբար, աշխարհագրություն:

1972թ. ստացել է վարդապետական լանջախաչ եւ ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

1970-1971թթ. միաժամանակ վարել է Գյուլպենկյան մատենադարանի տեսչի պաշտոնը:

1971-74թթ. Երեւանի պետական համալսարանում հետեւել է հայոց լեզվի եւ գրականության դասընթացներին’ որպես ազատ ունկնդիր:

Նույն տարիներին Էջմիածնի հոգեւոր ճեմարանում դասավանդել է մեկնություն Հին եւ Նոր Կտակարանների, Ծիսագիտություն, Վարք Սրբոց եւ Քրիստոնեական առարկաները:

1974-1975թթ., վերադառնալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, վարել է Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի տեսչի պաշտոնը’ միաժամանակ դասավանդելով Աստվածաբանություն, Գրաբար եւ Ծիսագիտություն:

1975թ. նոյեմբերից Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին եպիսկոպոսի հրավերով վարել է թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը:

Տ. Աղան եպիսկոպոսն աշխատակցել է Ս. Աթոռի ՙՍիոն՚ ամսագրին: Կազմել է ամսագրի 1866-77թթ. եւ 1927-71թթ. նյութերի մատենագրությունը:

1976թ. հունիսին Սիդնեյում ծայրագույն վարդապետական աստիճան է ստացել’ ձեռամբ առաջնորդ Տ. Գարեգին եպիսկոպոս Գազանճյանի:

1981թ. նոյեմբերին Վեհափառ Հայրապետի կոնդակով նշանակվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ:

1982թ. փետրվարի 14-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:

1991թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ:

1993թ. հունվարի 17-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով Աղան Սրբազանին արքության պատիվ է շնորհվել:

1994-97թթ. ընտրվել է Ավստրալիայի Եկեղեցիների Ազգային խորհրդի առաջին նախագահ:

1995-ից ի վեր Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ էր:

1998-ից ի վեր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին’ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Մասնակցել է ԵՀԽ-ի Կանբերայի (1991թ.) եւ Հարարեի (1998 թ.) համագումարներին:

2001-ից առ այսօր երեք հաջորդական շրջանների համար Նյու Սաութ Ուեյլզ Էկումենիկ Խորհրդի փոխնախագահ էր ընտրվել:

Այս տարիների ընթացքում հոգելույս Սրբազանն արժանացել է Ավստրալիայի պետական շքանշանների’ երկրին ու հասարակությանը հատկապես հայ գաղութին մատուցած բարի ծառայության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում