Եգիպտոսից մի խումբ մտավորականներ հյուրընկալվել են Մայր Աթոռում

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի’ ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի:

Հանդիպման սկզբում պրն. Մազլումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտավորականությունն առիթ է ունենում մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին և ազգային-հոգևոր արժեքներին, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը և պատմությունը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում’ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձություններով լեցուն հայոց պատմության ընթացքում Եկեղեցին ազգապահպան մեծ առաքելություն է իրականացրել՝ հաճախ ստանձնելով նաև ազգի քաղաքական առաջնորդությունը:

Նորին Սրբությունը նաև ողջունեց այսպիսի փոխայցելությունների կազմակերպումը’ նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողությանն ու հարաբերությունների առավել սերտացմանը: Դրանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եգիպտոսի հայ համայնքի դերակատարությունը’ գոհունակությամբ ընդգծելով, որ հայ ժողովրդի բազում զավակներ իբրև Եգիպտոսի լիարժեք և օրինակելի քաղաքացիներ իրենց խաղաղ կյանքով ու բարի ծառայությամբ նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև եգիպտացի մտավորականների հարցերին, որոնք վերաբերում էին կրոնական հանդուրժողականությանը, Հայ և Ղպտի Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, եգիպտահայ համայնքի վիճակին, Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող աշխատանքներին, տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում Հայ Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում