Քրեական գործ է հարուցվել Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման ժամանակ չարաշահումների հարցով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ’ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազության կայքից:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև’ 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա’ 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով’ գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:

Արդյունքում’ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում