Արամ Ա-ն ավարտել է իր հովվապետական այցելությունն ԱՄՆ-ի Արևելյան թեմում

Արամ Ա-ն ավարտել է իր հովվապետական այցելությունն ԱՄՆ-ի Արևելյան թեմում

ԱՄՆ-ի Արևելյան թեմի հովվապետական այցելության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր պատգամն է ուղղել Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցում գումարվող Արևելյան թեմի ազգային երեսփոխանական ժողովին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը՝ վստահեցնելով, որ հովվապետական այս այցելությունը նոր խթան կհանդիսանա թեմի ազգային եկեղեցական ծառայական կյանքում, իսկ հայրապետական պատգամները, որպես ուղեցույց, պետք է ծառայեն թե թեմական, թե ծխական մակարդակներում:

Վեհափառ Հայրապետը նախ գնահատել է առաջնորդ Սրբազանին, եկեղեցական դասին, ազգային վարչությանը, երեսփոխանական ժողովին և բոլոր այն մարմիններին, որոնք նվիրումով տրված են ազգի ու ժողովրդի ծառայությանը և բծախնդիր կերպով կատարում են իրենց ազգային- եկեղեցական ծառայության առաքելությունը:

Ապա Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել, որ առիթ է ունեցել ավելի քան մեկ ամիս հովվապետական այցելություն ունենալու Արևելյան թեմի գլխավոր քաղաքներում, հանդիպումներ ունենալու եկեղեցիների և համայնքի կյանքում գործող կառույցների հետ, երկխոսության մեջ մտնելու երիտասարդության հետ՝ լսելու նրանց կարիքներն ու սպասումները և իր հայրական պատգամն ուղղելու մեր ժողովրդի զավակներին:

Վեհափառ Հայրապետն ընդհանուր առմամբ արժևորել է իր հովվապետական այցելությունը, նաև փոխացել է իր սպասումները: Այս շրջանակներում նա հատկապես շեշտել է ծխական եկեղեցիների կյանքին ու առաքելությանը նոր կենսունակություն և կազմակերպվածություն տալու հրամայականը: Նորին Սրբությունն ընդգծել է Ամենայն հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություններին ենթակա թեմերի միջև համագործակցության նոր խթան տալու անհրաժեշտությունը: Նա նաև հորդորել է կրոնական ու հայեցի դաստիարակությանը հատուկ ուշադրություն դարձնելու կարևորությունը՝ նոր սերունդը կազմավորելով հոգևոր ու ազգային արժեքներով:

Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել թեմի եկեղեցական դասի հետ՝ ուղղելով իր հայրական խոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում